«Մեծ հարսանիք»․ Շուշիի պատմական իրադարձությունը

2008 թվականի հոկտեմբերի 16-ին Արցախում կազմակերպվեց «Մեծ հարսանիքը»:

2008 թվականին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն․ 674 ամուսնական զույգ պսակադրվեց հայկական հոգևոր և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկում։

Միջոցառումը նախաձեռնել և ֆինանսավորել էր մոսկվաբնակ հայ բարերար Լևոն Հայրապետյանը՝ այլ հայ գործարարների ու բարերարների աջակցությամբ։ Ռուբեն Վարդանյանն աջակցել էր նրան և դարձել զույգերի մի մասի քավորը։

Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել Արցախի ժողովրդագրական աճը, աջակցել երիտասարդ ընտանիքներին և շենացնել Արցախը։ 

«Մեծ հարսանիքին» մասնակցած զույգերին բարերարները տրամադրել էին միանվագ 2000-ական ԱՄՆ դոլար և նախատեսել էին այդ ընտանիքներում մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին աջակցություն ցույց տալ հետևյալ չափերով. առաջին երեխայի համար՝ 2000, երկրորդի համար՝ 3000, երրորդի համար՝ 5000 և չորրորդ երեխայի համար՝ 10 000 ԱՄՆ դոլար:

674  զույգերի պսակադրության պատմությունը հիշեցնում է, որ ընտանիքը, հավատը և ազգային ավանդույթները սերունդներին կապող ամուր կամուրջներ են։

Արցախի սրտում՝ պատմական Շուշիում, վեր խոյացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը հայ ժողովրդի հոգևոր ժառանգության խորհրդանիշներից է։ Նրա կամարների ներքո այս զանգվածային պսակադրությունը դարձավ սիրո, հավատքի, ընտանիքի և ազգային ինքնության մասին պատմող հիշարժան իրադարձություն։

674  զույգերի միաժամանակյա պսակադրությունը խորհրդանշում էր ոչ միայն երկու մարդկանց միությունը, այլև հայ ընտանիքի՝ որպես ազգային արժեքների պահպանման կարևորագույն հիմքի նշանակությունը։