Ով չի տեսել Արարատյան դաշտի աշունը, ոչինչ չի տեսել․ Կոստան Զարյան

Փետրվարի 2-ը հայ գրող, հրապարակախոս, մանկավարժ և քաղաքագետ, մեծ մտածող Կոստան Զարյանի ծննդյան օրն է։

Կոստան Զարյանը (Կոստանդին Եղիազարյան) ծնվել է 1885 թվականին Շամախի քաղաքում։

Հայրը՝ Քրիստափոր Եղիազարովը, եղել է ցարական բանակի գեներալ։ 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։

Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։

Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։

1922 թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը», իսկ աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։

1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: Սակայն 1924 թվականին կրկին մեկնել է Եվրոպա։

1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1961 թվականին ներգաղթել է Հայաստան:

Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն:

Ի դեպ Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։

Վախճանվել է 1969 թ. դեկտեմբերի 11-ին Երևանում:

Հատվածներ «Նավը լեռան վրա» վեպից

Ամրապնդե´նք այն, ինչ ունենք: Ժողովրդի մեծությունը հողերի մեծությունից խոմ չի՞ կախված. Փոքրիկ հայրենիքները կարող են մեծ հրաշքներ կատարել։

* * *

Էս ժողովրդի դժբախտություններից մեկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով և տափակ խելքով մտավորականներն են… Պառավ աղջիկների նման նախանձոտ, լեղի և հիմար… Էդ մարդկանց համար հայրենիքը կուսակցությունն է, իսկ կուսակցությունը` հավնոց, ծռտով ու կուտով լցված հավնոց…

* * *

Վանդակը ընկած սկյուռի նման պտույտ են գալիս նույն աժան և մաշված գաղափարների շուրջը, և այն, ինչ որ անվանում են գաղափար, ուրիշ բան չի, եթե ոչ եղունգները կրծելու նման վատ սովորություն…

* * *

Իսկական մարդը պետք է հնարի իր ուժերին համապատասխան դեպքեր։ Ներքին իմաստով լուսավորի իր օրերը։ Մշտապես ծարավ լինի իր ուժերով և ծարավ լինի իր հոգու խորքում երգող կյանքով։ Լինի իր էության ամբողջ էությունով:

* * *

Այն, ինչ դու անվանում ես մենակություն՝ ինքը կյանքն է։ Մենք մենակ չենք, մենք մենակություն ենք։ Իսկ մենակությունը ամբողջություն է։ Ինչքան նա լերկացած լինի արտաքին աշխարհից, այնքան կատարյալ է:

* * *

Սերը դժվարին է։ Որովհետև սերը էության էությունն է։ Սերը վերջին և կատարյալ մենակությունն է, նա ոչ տալ է և ոչ միություն, այլ՝ վշտերով ցանված դաշտ, որի միջից մարդ անցնում է ինքն իրեն հետ հանդիպելու համար:

* * *

Խոսքերը ստեղծված են մտքերը թաքցնելու համար: Ով միայն խոսք է հասկանում՝ ոչինչ չի հասկանում:

* * *

Ով չի տեսել Արարատյան դաշտի աշունը, ոչինչ չի տեսել:

* * *

Կյանքը արտացոլվում է մի հսկա հայելու փշրված կտորների մեջ։ Կյանքը երգում է հազարավոր կոկորդներից դուրս եկած ձայներով, դառնում է մրրիկ, փոթորիկ, զարնվում է անտարբեր ժայռերին, քայլում է դաշտերում և անապատներում, ապա հանկարծ լռելով գնում թաքնվում է երկու լեռների մեջ, պապանձված սպասում, նորից որոտալով դուրս նետվում, երկրի գլխին աղմկելու համար: