Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է այն, որ Պուտինը Իրանի գերագույն առաջնորդից ուղերձ է ստացել, այսօր հանդիպել Իրանի արտգործնախարարի հետ
ՌԴ պաշտպանության նախարարն էլ՝ Իրանի ՊՆ փոխնախարարի
Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է այն, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում այսօր, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, բրիգադի գեներալ Թալաի-Նիկ Ռեզայի հետ ռազմավարական պլանավորման շուրջ…
«Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը,- ասել է Բելոուսովը։- Եղբայրական Իրանի ժողովրդին, նրա զինված ուժերին մաղթում եմ տոկունություն և արիություն երկրի առջև ծառացած բոլոր սպառնալիքները հաղթահարելու գործում: Պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ այս իրավիճակի հանգուցալուծման համար»:
ՌԴ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Թեհրանը նախկինի պես կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում:
Իրանցի զորահրամանատարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Բելոուսովին հանդիպելու և երկկողմ փոխգործակցության արդիական հարցեր քննարկելու հնարավորության համար:
Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես այսօր ինքն է հայտարարել Սանկտ Պետերբուրգում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման սկզբում, անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից…
Պուտինը չի բացահայտել ուղերձի բովանդակությունը։ Ի պատասխան, նա Արաղչիին խնդրել է Խամենեիին առողջություն ու բարեկեցություն փոխանցել, ինչպես նաև շնորհակալական խոսքեր ուղերձի համար, և հաստատել, որ Ռուսաստանը մտադիր է Իրանի հետ շարունակել ռազմավարական հարաբերությունները:
Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է այն, որ Պուտինն Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը և հայտարարել, որ Ռուսաստանը մտադիր է օգնել Իրանին…
Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է այն, որ Պուտինի և Արաղչիի հանդիպմանը, «Ведомости»–ի տեղեկացմամբ , մասնակցել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը…
«Մեր կողմից կանենք այն ամենը, ինչը համապատասխանում է ձեր շահերին, համապատասխանում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին, որպեսզի այդ խաղաղությունը հնարավորինս արագ ձեռք բերվի»,- նշել է նախագահը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է քաջաբար և հերոսաբար պայքարում Իրանի ժողովուրդն իր անկախության, իր ինքնիշխանության համար»,– հայտարարել է Պուտինը:
«Մեծ հույս ունենք, որ հենվելով այդ խիզախության և անկախության ձգտման վրա, Իրանի ժողովուրդը նոր առաջնորդի ղեկավարությամբ կանցնի փորձությունների այս բարդ շրջանը, և խաղաղություն կհաստատվի»,- «РИА Новости»–ի տեղեկացմամբ, ընդգծել է ՌԴ նախագահը:
«Հնարավորություն է ստեղծվել մեր ռուս բարեկամների հետ քննարկել այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված պատերազմի հետ, ու ներկա իրավիճակը, ինչպես նաև ևս մեկ անգամ դիտարկել իրավիճակը,- ըստ «Ведомости»-ի հիշյալ հրապարակման, ասել է Արաղչին ՌԴ ժամանելուն պես։- Բնականաբար, անհրաժեշտ է նաև գործողությունների համապատասխան համակարգում իրականացնել»:
Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային Թեհրանին աջակցելու համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ դրանք կամրապնդվեն: Դիվանագետը հստակեցրել է, որ Իրանը կշարունակի պայքարել ԱՄՆ-ի դեմ:
«Ամբողջ աշխարհին ապացուցվել է այն փաստը, որ Իրանի ժողովուրդն իր դիմադրությամբ, իր խիզախությամբ կարողացել է դիմակայել ամերիկյան հարձակումներին և ամերիկյան ագրեսիային, ու կկարողանա դիմանալ ու կանգուն մնալ այս ժամանակահատվածում»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը:- Ինչպես նաև բոլորին ապացուցված է, որ Իրանն ունի այնպիսի բարեկամներ և դաշնակիցներ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, որոնք հենց դժվար պահերին կանգնած են Իրանի կողքին»:
Այնուհետև բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով, դրանք տևել են մոտ 2 ժամ:
Արթուր Հովհաննիսյան

