Ադրբեջանի ԱԳՆ-ի ցինիկ պատասխանը Արարատ Միրզոյանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը ԿԽՄԿ-ի գործունեությունը սահմանափակելու Բաքվի փորձերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Երևանում իր ավստրիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է Լեռնային Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու Ադրբեջանի իշխանությունների փորձերը։ «Ադրբեջանը նույնիսկ ԿԽՄԿ-ին՝ այս զուտ մարդասիրական կազմակերպությանը, ստիպում է տեղավորվել իր թելադրած քաղաքականության մեջ»,- ասաց Միրզոյանը։
NEWS.am-ի տեղեկացմամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ում անմիջապես արձագանքել են: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ «ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Մարդասիրական օգնության համակարգման մասին 1991 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման համաձայն», նման գործունեությունը պետք է իրականացվի ինքնիշխանության և պետության տարածքային ամբողջականության հարգման հիման վրա։ Հենց այս սկզբունքով է իրականացվում միջազգային կազմակերպությունների գործունեությունն Ադրբեջանի տարածքում»։
«Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեություն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում քննարկման առարկա է միջազգային կազմակերպության և Ադրբեջանի միջև։ «Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունն այս հարցում տեղին չէ։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտգործնախարարն ուղիղ կերպով մեկնաբաներ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու երկրի պարտավորությունների կատարման հետ կապված հարցերը»,- եզրափակել է Լեյլա Աբդուլաևան»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մինչդեռ ԱՀ ԱԳՆ-ի ներկայացուցչի նշած բանաձևը և դրան կից հավելվածը բոլորովին այլ իմաստ ու ենթատեքստ ունեն։ ՄԱԿ-ի փաստաթուղթը ենթադրում է տուժած կողմի համաձայնությունը մարդասիրական օգնության տրամադրման համար և դրա խնդրանքի հիման վրա։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որպես Ադրբեջանի ագրեսիայից տուժած կողմ, օգնության խնդրանքով դիմում է միջազգային կազմակերպություններին։ Սակայն Ադրբեջանը, իրականում չունենալով ոչ իրավական, ոչ էլ փաստացի իրավունքներ Արցախի նկատմամբ, խախտելով թե՛ ԵԱՀԿ-ի, թե՛ ՄԱԿ-ի սկզբունքները, փորձում է հակադրվել դրան։
Անսահման ցինիզմը, որով Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են նպաստել Արցախի հումանիտար խնդիրների լուծմանը, պետք է լուրջ նախազգուշացում լինի միջազգային հանրության համար՝ արցախահայության նկատմամբ Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական հաստատումը հանդիսանալով:

