Ուզո՞ւմ ես ներխուժած զինվորին մի հատ էլ համբուրի, կոստյում հագցրու և աղոթքներով ուղարկիր Բաքու. իրանցի փորձագետը՝ Փաշինյանին

Իրանցի դոկտոր Էհսան Մովահեդյանի տելեգրամյան ալիքը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Ազգային ժողովում։

Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է.

«Մի բան կարող եմ վստահությամբ ասել․ Ադրբեջանի այն զինծառայողը, որը հրազեն էր կրում, ձերբակալության պահին ընդհանրապես դիմադրություն չի ցուցաբերել»։

«Երկիր»- տեղեկացմամբ, այս հայտարարությանն արձագանքելով՝ դոկտոր Էհսան Մովահեդյանի տելեգրամյան ալիքը գրել է.

«Մի՞թե նա միայնակ, Հայաստանի Հանրապետության տարածքի խորքում, կարող էր դիմադրություն ցույց տալ։ Եթե կարողանար, հավանաբար կացնով կդիմադրեր»։

Այնուհետև Մովահեդյանի գրառման մեջ նշվում է, որ, որքան կարելի է հասկանալ, ադրբեջանցի զինծառայողը նաև վնասվածքներ կամ մարմնական այլ վնասվածքներ է ունեցել, և հնարավոր է՝ հենց դա է պատճառը, որ նրա վերաբերյալ որոշակի լուսանկարներ չեն հրապարակվել։

Էհսան Մովահեդյանն այնուհետև շարունակում է.

«Խեղճն էլի՛։ Ուզո՞ւմ ես այս ներխուժած զինվորին մի հատ էլ համբուրի և հագցրու նրան մի «Հակոբյան» կոստյում (իրանա-հայկական բրենդ) և օրհնություններով ու աղոթքներով ուղարկիր Բաքու»։