Հայաստանում ՊՁՀ-ն համարվում է անօվուլյատոր անպտղության հիմնական պատճառներից մեկը

Սեպտեմբեր ամիսը շատ երկրներում նշվում է որպես պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի (ՊՁՀ) վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ամիս։ Այն վերարտադրողական տարիքի կանանց շրջանում ամենատարածված էնդոկրին և նյութափոխանակային խանգարումներից է և ոչ միայն գինեկոլոգիական խնդիր է։ 

Հիվանդության ազդեցությունը կարող է դրսևորվել դեռահասությունից և պահպանվել դաշտանադադարից հետո։

Ավանդաբար ՊՁՀ-ն բնորոշվում է երեք հիմնական դրսևորմամբ՝ դաշտանային ցիկլի և օվուլյացիայի խանգարումներով, անդրոգենների ավելցուկով և ուլտրաձայնային հետազոտությամբ ձվարանների բնորոշ փոփոխություններով։ 2026 թվականի մայիսին միջազգային գիտական կոնսենսուսն առաջարկել է «պոլիէնդոկրին մետաբոլիկ օվարիալ համախտանիշ» (ՊՄՕՀ) նոր անվանումը՝ ընդգծելով հիվանդության բազմահամակարգային բնույթը։ «Պոլիկիստոզ» եզրույթը կարող է թյուր տպավորություն ստեղծել իրական կիստաների առկայության մասին, մինչդեռ ուլտրաձայնային պատկերը սովորաբար պայմանավորված է բազմաթիվ փոքր ֆոլիկուլներով։

Հիվանդության նկատմամբ չափազանց նեղ՝ հիմնականում պտղաբերության խնդրով պայմանավորված մոտեցումը նույնպես ունի իր հետևանքները։ Միջազգային գնահատականների համաձայն՝ ՊՁՀ ունեցող կանանց մինչև 70%-ը մնում է չախտորոշված և ստանում մասնատված բժշկական օգնություն։

ՊՁՀ-ի տարածվածության ցուցանիշները տարբեր հետազոտություններում զգալիորեն տարբերվում են՝ 4–20%, 6–20% և 2–26%։ Այս տարբերությունները մեծապես պայմանավորված են կիրառված ախտորոշիչ չափանիշներով։ 1990 թվականին ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) առաջարկեց հաշվի առնել անօվուլյացիայի և հիպերանդրոգենիզմի համակցությունը։ 2003 թվականի Ռոտերդամյան կոնսենսուսը ընդլայնեց ախտորոշիչ մոտեցումը՝ բավարար համարելով երեք նշաններից երկուսի առկայությունը՝ անօվուլյացիա, հիպերանդրոգենիզմ կամ ձվարանների բնորոշ մորֆոլոգիա։ 2006 թվականին մշակված Անդրոգենների ավելցուկի և ՊՁՀ-ի ընկերության (AES) չափանիշներով հիպերանդրոգենիզմի առկայությունը պարտադիր պայման դարձավ։

119 հետազոտություն և ավելի քան 150 000 չափահաս կին ներառած խոշորագույն ժամանակակից մետավերլուծությունը ցույց է տվել, որ Ռոտերդամյան չափանիշներով ՊՁՀ-ի համաշխարհային տարածվածությունը կազմում է 12,1%։ NIH-ի ավելի խիստ չափանիշների կիրառման դեպքում ցուցանիշը կազմում է 7,9%, AES-ի չափանիշներով՝ 12,7%։ Չափահասների և դեռահասների տվյալները միասին դիտարկելիս համապատասխան ցուցանիշները կազմում են 11,4%, 7,1%, 11,2%։ 35 գլոբալ հետազոտությունների մեկ այլ մետավերլուծություն, որն ընդգրկել է 12 365 646 մարդ, ՊՁՀ-ի հայտնաբերման միջին համաշխարհային հաճախականությունը գնահատել է 9,2%։ Ռոտերդամյան չափանիշները հայտնաբերում են մոտ 2,1 անգամ ավելի շատ դեպքեր, քան NIH-ի չափանիշները, քանի որ հաշվի են առնում հիվանդության դրսևորումների ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ առանց արտահայտված հիպերանդրոգենիզմի դեպքերը և ձվարանների ուլտրաձայնային նշանները։

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում 10–19 տարեկան դեռահասների վերաբերյալ տվյալները։ 14 010 դեռահաս աղջիկների ընդգրկած 20 հետազոտությունների մետավերլուծությունը ցույց է տվել, որ Ռոտերդամյան չափանիշների կիրառման դեպքում ՊՁՀ-ի տարածվածությունը կազմում է 9,8%։ Սակայն ժամանակակից միջազգային ուղեցույցները դեռահասների շրջանում խորհուրդ չեն տալիս ախտորոշման համար օգտագործել ձվարանների ուլտրաձայնային մորֆոլոգիական այս չափանիշը, քանի որ անտրալ ֆոլիկուլների մեծ քանակը կարող է լինել սեռական հասունացման շրջանի ֆիզիոլոգիական երևույթ։ Օպտիմալացված չափանիշների կիրառման դեպքում տարածվածությունը նվազում է մինչև 6,3%, այսինքն՝ 36–42%-ով։ Դա հնարավորություն է տալիս նվազեցնել գերախտորոշման և դրա հետևանքով ապագա անպտղության վերաբերյալ անհանգստության ռիսկը։ Միևնույն ժամանակ, անկանոն դաշտանային ցիկլ կամ հիպերանդրոգենիզմ ունեցող դեռահասները պետք է դիտարկվեն որպես բարձր ռիսկի խումբ և գտնվեն դինամիկ հսկողության ներքո՝ մենարխեից հետո մինչև 8 տարի։

ՊՁՀ-ի տարածվածությունը տարբեր է նաև աշխարհի տարածաշրջաններում։ Մեծահասակ կանանց շրջանում Ռոտերդամյան չափանիշներով ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ԱՀԿ-ի Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ 15,1%, և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում՝ 14,3%։ Եվրոպական տարածաշրջանում ցուցանիշը կազմում է 11,8%, Ամերիկայի տարածաշրջանում՝ 10,5%, իսկ Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 9,1%։ Դեռահասների շրջանում, ժամանակակից չափանիշներով, որոնք չեն ներառում ՊՄՕՀ-ի ուլտրաձայնային նշանը, տարածվածությունը կազմում է 11,4% Հարավարևելյան Ասիայում, 6,1%՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, 4,3%՝ Եվրոպական տարածաշրջանում և 2,9%՝ Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Միջազգային համակարգված ակնարկներում և գլոբալ մետավերլուծություններում Հայաստանի վերաբերյալ ՊՁՀ-ի տարածվածության առանձին տվյալներ ներկայացված չեն։ Միջազգային համաճարակաբանական համատեքստում Հայաստանը դասվում է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանին, որտեղ ՊՁՀ-ի տարածվածությունը գնահատվում է 11,7–14,2% մեծահասակների և 4,3–8,5% դեռահասների շրջանում։ Միաժամանակ Հայաստանը աշխարհագրորեն մոտ է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանին, որտեղ մեծահասակների շրջանում ցուցանիշը հասնում է 15,1%-ի։

Հայաստանին վերաբերող տվյալների համաձայն՝ ՊՁՀ-ն համարվում է անօվուլյատոր անպտղության հիմնական պատճառներից մեկը և նշանակալի տեղ է զբաղեցնում վերարտադրողական խանգարումների, այդ թվում՝ անպտղության բուժման և արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ծրագրերի նպատակով կանանց դիմելիության պատճառների շարքում։

ՊՁՀ ունեցող կանանց մոտ բարձր է մի շարք քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Համակցված սիրտանոթային իրադարձությունների ռիսկը բարձրանում է 1,7 անգամ, սրտի իշեմիկ հիվանդությանը՝ 1,5, սրտամկանի ինֆարկտինը՝ 2,5, կաթվածինը՝ 1,7 անգամ։ Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը հանդիպում է հիվանդների 38,9%-ի մոտ՝ հսկիչ խմբի 3,3%-ի համեմատ։ Նախադաշտանադադարային շրջանում էնդոմետրիումի հիպերպլազիայի և քաղցկեղի ռիսկը բարձրանում է 2–6 անգամ։

ՊՁՀ-ի դեպքում առանձնահատուկ ուշադրություն է պահանջում նաև հղիությունը։ Համախտանիշ չունեցող կանանց համեմատությամբ վիժման ռիսկը բարձրանում է 1,5 անգամ, հղիության շաքարային դիաբետի՝ 2,4 անգամ, հղիության հետ կապված զարկերակային հիպերտենզիայի՝ 2,2 անգամ, պրեէկլամպսիայի՝ 2,3 անգամ, իսկ վաղաժամ ծննդաբերության՝ 1,5 անգամ։

Հետևաբար, ՊՁՀ-ի բուժումը չի կարելի սահմանափակել միայն դաշտանային ցիկլի կարգավորմամբ կամ անպտղության խնդրի լուծմամբ։ Բարդությունների կանխարգելման հիմքում կենսակերպի փոփոխությունն է։ Մարմնի քաշի վերահսկմանը և ավելցուկային քաշի կուտակման կանխարգելմանը պետք է ուշադրություն դարձնել դեռահասության տարիքից։

Սննդակարգում կարող են կիրառվել ցածր գլիկեմիկ ինդեքսով սննդակարգեր, DASH և միջերկրածովյան սննդակարգերը, կալորիականության չափավոր սահմանափակում, ինչպես նաև բջջանյութով և սպիտակուցներով հարուստ սնունդ։ Այս մոտեցումները նպաստում են ինսուլինի նկատմամբ զգայունության և նյութափոխանակային ցուցանիշների բարելավմանը։

Ոչ պակաս կարևոր է կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը։ Այն նպաստում է ազատ անդրոգենների և համակարգային բորբոքման մարկերների նվազմանը, ինչպես նաև լիպիդային պրոֆիլի բարելավմանը։ Միջազգային ուղեցույցների համաձայն՝ չափահաս կանանց խորհուրդ է տրվում շաբաթական 150–300 րոպե չափավոր կամ 75–150 րոպե բարձր ինտենսիվության, իսկ դեռահասներին՝ օրական առնվազն 60 րոպե չափավոր կամ բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն։

Այսպիսով, ՊՁՀ-ն միայն դաշտանային ցիկլի խանգարում կամ երեխա ունենալու հետ կապված խնդիր չէ։ Այն քրոնիկ վիճակ է, որը ներառում է հորմոնալ, նյութափոխանակային և վերարտադրողական խանգարումներ, որոնց հետևանքները կարող են պահպանվել երկար տարիներ։ Վաղ հայտնաբերումը, կանոնավոր բժշկական հսկողությունը և ոչ միայն վերարտադրողական առողջությանը, այլև մարմնի քաշին, գլյուկոզայի և լիպիդների փոխանակությանը, զարկերակային ճնշմանը ուղղված ուշադրությունը հնարավորություն են տալիս խնդրին մոտենալ համակողմանի և ժամանակին նվազեցնել երկարաժամկետ բարդությունների ռիսկը։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոն՝

Հերացի վերլուծական