Չեմ կարծում, որ դա մենք ենք եղել․ Թրամփը՝ Մինաբի դպրոցի հարվածի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի դեմ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցի վրա հարձակումը չի իրականացվել ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Լրագրողները խնդրել են պարզաբանել՝ արդյոք Թրամփը ծանոթ է Մինաբի դպրոցի վրա հարձակման հանգամանքների հետաքննությանը, որը վարում է Պենտագոնը։ Նախագահը նշել է, որ չի տեսել արդյունքները և պետք է սպասի, մինչև հետաքննությունն ավարտվի։

«Չեմ կարծում, թե այդ խնդիրը երբևիցե կլուծվի, և կպարզվի, թե ում մեղքով է դա եղել, քանի որ ամենուր հրթիռներ էին թռչում։ Տեղի ունեցածը սարսափելի է, բայց ամենուր հրթիռներ էին։ Ինչ-որ մեկն ասաց, որ դա մեր հրթիռն էր…. Ես չեմ կարծում, որ դա մենք ենք եղել։ Ես այդպես չեմ կարծում», – ասել է ԱՄՆ ղեկավարը։

Նա խնդրել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պատասխանի հարցին։ Հեգսեթը նշել է, որ իրենք շատ լրջորեն զբաղվում են հետաքննությամբ, և երբ ժամանակը գա, ինչպիսին էլ լինի արդյունքը, ամեն բան կհրապարակվի։

Փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը, հարձակման էր ենթարկվել Մինաբում գտնվող օրիորդաց դպրոցը։ Զոհվել էր 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը վիրավորվել էին։ Հետագայում հայտարարվեց, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռային բեկորները կրում են ամերիկյան զինամթերքի մակնշում։