Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Սերբիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Բելգրադում Ադրբեջանի դեսպան Կամիլ Խասիևը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Կրուշևացի «Սլոբոդիշտե» հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանին։