ԱՄՆ-ը իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել
Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը հայտարարել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և այլ դաշնակից խմբավորումներ կարող են թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ շահերը և քաղաքացիներին, այդ թվում՝ ընկերությունները և հաստատությունները: Այս մասին նշված է նոյեմբերի 25-ին Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանության տարածած հայտարարության մեջ։
Դեսպանությունը զգուշացրել է, որ ռազմական գործողությունները կարող են արագորեն սրվել։
«Ոչ մի դեպքում մի՛ մեկնեք Իրան։ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը», – նշված է հայտարարության մեջ։
Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների գործունեությանը և պատրաստվել չվերթերի հնարավոր չեղարկման և օդային տարածքի փակման։
Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է բարձր զգոնություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ակտիվների վրա։ Բացի այդ, Եմենի հութիները հարվածել են Էր-Ռիադի ֆինանսական թաղամասի աշտարակին, որի հետևանքով, ըստ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության, վիրավորվել է 11 մարդ։
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին Թեհրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, և որ հարձակումը հրդեհ է առաջացել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում։
ԱՄՆ-ը և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 1980 թվականից ի վեր: Շվեյցարիան հանդես է գալիս որպես Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան, և ահազանգի հայտարարության մեջ նշվել է, որ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել Իրանում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը տեղակայված ԱՄՆ շահերի բաժնի հետ։

