Հայ մարզիկների հերթական հաղթանակը թաեքվոնդոյի մրցաշարում

Օլիմպիական թաեքվոնդոյի V.I.C.T.A.S. ակումբը սույն թվականի նոյեմբերի 20-22-ը մասնակցեց ՌԴ Կրասնոդար քաղաքում կայացած GRAND MASTER TAEKWONDO CLUB-ի կողմից կազմակերպված մրցաշարին։ Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 900 մարզիկներ ՌԴ տարբեր մարզերից և արտերկրից։ Հայ մարզիկները մարզիչներ Նարեկ Թորոսյանի և Հայկ Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին մրցաշարին՝ ցուցադրելով ուժեղ կամք, մարտական ոգի, վճռականություն և գեղեցիկ մենամարտեր, նվաճելով 1 ոսկի, 2 արծաթ և 5 բրոնզ։
Մեր մարզիկները մրցահարթակում գրանցեցին հետևյալ արդյունքները․

Նարեկ Մակարյան (2011 թ.)
55 կգ քաշային կարգում նվաճեց 1-ին տեղը։ Իր իսկ ցանկությամբ հանդես եկավ նաև -63 կգ քաշային կարգում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։ Հատկանշական է նրա մարտական ոգին և ավելի բարձր քաշային կարգում մրցելու պատրաստակամությունը։
Մարի Ավագյան (2018 թ.)
32 կգ քաշային կարգում ցուցադրեց փայլուն ելույթ։ Առաջին երկու մենամարտերում հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 16:0 և 12:0 հաշվով։ Եզրափակչում համառ պայքարում պարտվեց 8:9 հաշվով՝ մրցավարական նկատողություններով պայմանավորված, և զբաղեցրեց 2-րդ տեղը։
Էրիկ Հակոբյան (2013 թ.)
57 կգ քաշային կարգում հասավ եզրափակիչ և զբաղեցրեց 2-րդ տեղը։
Գոռ Նազարեթյան (2011 թ.)
68 կգ քաշային կարգում կիսաեզրափակչում զիջեց քաշային կարգի ապագա չեմպիոնին՝ նվաճելով 3-րդ տեղը։
Արման Հակոբյան (2012 թ.)
63 կգ քաշային կարգում անցկացրեց հիանալի մենամարտ՝ տանելով գեղեցիկ հաղթանակ։ Սակայն մենամարտի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել եզրափակչին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։
Կարեն Կագարայան (2012 թ.)
-55 կգ քաշային կարգում գրանցեց հաջող մեկնարկ։ Հաջորդ փուլում մրցակիցը դարձավ մրցաշարի բացարձակ չեմպիոնը, որը հաղթանակ տարավ երկրորդ և երրորդ ռաունդներում։ Կարենը պատվով ավարտեց մրցելույթը՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։
Հովհաննես Ղազարյան (2011 թ.)
-48 կգ քաշային կարգում մրցաշարը սկսեց գերազանց։ Սակայն քառորդ եզրափակչում ստացած տեխնիկական վնասվածքը խանգարեց շարունակել պայքարը։ Չնայած դրան՝ Հովհաննեսը կարողացավ ապահովել 3-րդ տեղը։
Թելման Ղազարյան (2012 թ.)
-41 կգ քաշային կարգում ցուցադրեց իսկապես տպավորիչ ելույթ։ Առաջին երկու մրցակիցներին հաղթեց բացարձակ առավելությամբ, այնուհետև տարավ ևս մեկ հաղթանակ։ Հաջորդ մենամարտում չնչին միավորների տարբերությամբ զիջեց մրցակցին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։