Առաջարկվում է ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերի համար թեժ գիծ գործարկել

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնությունից տուժածների համար շուրջօրյա և անանուն թեժ գիծ կարող է գործարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։

Գերատեսչությունը համապատասխան նախագիծը հանրային քննարկման է դրել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» արշավի շրջանակում։
«Նախագծի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն։ Ընտանեկան բռնության ենթարկված անձը դրա միջոցով կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն»,- նշված է նախագծում։

Ծառայությունը գործելու է 24/7 ռեժիմով, քաղաքացիները կարող են դիմել ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ կայքի, հավելվածի, էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների միջոցով։ Բացի այդ, նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. ինքնությունը չբացահայտելը հիմք չի հանդիսանա աջակցությունից հրաժարվելու համար։