Չեմ հասկանում, ինչու՞ են իր մերձավորներն այսքան դաժան ձևով ծաղրում Նիկոլին. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի հետ ոչ մի կապ չունեցող «Հայկական ժամանակ» կայքը մի մեծ, իրականում՝ ծաղրական հոդված է գրել Նիկոլի մասին:

Հետաքրքիր էր իմանալ, թե անհայտ ծագման «հեղինակը», ի՞նչ կլասի ցնդաբանությունների գնով պետք է «գովաբանի» իր նախկին խմբագրին:

Փաստորեն հայ ազգի ճնշող մեծամասնությունը՝ պարզվում է սխալ է ապրել ու ապրում: Սխալ են ստեղծագործել, հայրենիքի մասին սխալ պատկերացումներ ու սխալ սեր են ունեցել: Փաստորեն, ըստ այդ ցնդաբանության «հեղինակի»՝ ստացվում է, որ հայ ժողովուրդը, մինչ Նիկոլի գալը ոչինչ չի ունեցել: Ստացվում է, որ Խորենացին, Նարեկացին, Նժդեհը, Չարենցը և հայազգի բազմաթիվ այլ երախտավորներ սխալ են պայքարել, սխալ են սիրել ու սխալ են ծառայել իրենց Հայրենիքին ու նրա անանց արժեքներին:

Ճիշտը՝ Նիկոլն է, որ թուրքերին գերի դարձած՝ սեփական աղետաբեր իշխանության օրերն է երկարաձգում՝ հայ ժողովրդի ու նրա պետականության գոյության հաշվին:

Ըստ դրա «հեղինակի»՝ Նիկոլի կապիտուլյացիոն, ազգակործան, թրքահաճո ու նսեմացնող գործողությունները՝ գտածո երազանք են հայ ժողովրդի ու Հայաստանի համար:

Չեմ հասկանում, ինչու՞ են իր մերձավորներն այսքան դաժան ձևով ծաղրում Նիկոլին»: