Փաստորեն, Արարատ Միրզոյանին չեն խնայում թե ֆիզիկապես, թե քաղաքականապես
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՔՊ ավտոբուսով քարոզարշավի ճանապարհին նստած է Նիկոլ Փաշինյանի կողքին և բարձրաձայնում է արդեն բավականին ծեծված այն ֆրազը, թե աշխարհում կա մի քանի հազար՝ նույնիսկ տասնյակից ավելի հազար ազգ, սակայն պետություն ունեն 200-ը, ու մենք պետք է երջանիկ լինենք, որ այդ 200-ի մեջ ենք,- Գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
– Հետո էլ շարունակում է, թե՝ իսկ մենք երջանիկ լինելու փոխարեն, այդ երջանկությամբ իրական Հայաստանում ապրելու փոխարեն, ինչ որ պատմական բաների մասին ենք երազում:
Լավ, ինչպե՞ս կարելի է իջնել այդօրինակ ցածր մանիպուլյացիայի աստիճանի, այն էլ լինելով արտաքին գործերի նախարար: Հայաստանում ո՞վ է տառապում պատմական հայրենիքի սպասումով կամ փնտրտուքով՝ կտրված լինելով և չբավարարվելով ներկայիս Հայաստանով: Հայաստանում չկա այդպիսի հանրային շերտ և այդպիսի քաղաքական հստակ օրակարգ ունեցող քաղաքական ուժ: Ավելին, ովքեր էլ եղել են, այսօր ՔՊ-ին լատենտ աջակցող կամ ուղղակի սատարող ուժեր են: Հետևաբար ակնառու է, որ ԱԳ նախարարը զբաղված է ընդամենը ազգային պատմական հիշողության պարզ, օբյեկտիվ, բնական իրողության արհեստական շահարկումով:
Այստեղ էլ հարկ է նկատել, որ ԱԳ նախարարի պաշտոնը ցանկացած երկրում համարվում է այսպես ասած՝ ամենասոլիդ պաշտոններից մեկը: Եվ դրանից ելնելով, ԱԳ նախարարները գրեթե չեն միջամտում իրենց այսպես ասած ներքաղաքական «թոհուբոհերին»: Համենայն դեպս, Հայաստանի պարագայում գործնականում դժվար է հիշել, որ եղել են այդ թեմաներին «խառնվող» ԱԳ նախարարներ:
Բացառիկ դրվագ էր Մարտի 1-ը, երբ առաջնային պլան էր եկել Վարդան Օսկանյանը, ինչը սակայն ուներ իր նուրբ տողատակը, պայմանավորված ավելի շատ հենց արտաքին աշխարհին ուղղված որոշակի համատեքստով: Ընդ որում, դա էլ բացառիկ արտակարգ իրադրություն էր, այլ ոչ թե քարոզարշավ կամ նման մի բան:
Հայաստանում գործնականում չի եղել այդքան «ներքաղաքականացված-հասարակացված» ԱԳ նախարար, որքան Արարատ Միրզոյանը: Ընդ որում, անգամ համեմատելիության աստիճանի մոտ չի եղել: Դա Միրզոյանի՞ նախաձեռնողականությունն է, թե՞ Փաշինյանի պահանջը, ինձ դժվար է ասել: Բայց տեսարանն իսկապես անմխիթար է, որովհետև գոնե ԱԳ նախարարին պետք է պահել օրակարգային ավելի բարձր կարգավիճակում, եթե նույնիսկ նա ինքը չի պատկերացնում ավելի ցածրում հայտնվելը»:
«Փաստորեն, Արարատ Միրզոյանին չեն խնայում թե ֆիզիկապես, թե քաղաքականապես,- շարունակում է քաղաքագետը։ https://t.me/badalyanrakurs/6134 -Դարձյալ հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին չգիտես ինչու և ինչպես՝ իշխանական ամբողջ վերնախավը ապահով թաքնված էր, ամեն մեկը մի տեղում՝ մեկը բունկերում, մյուսը Մոսկվայի հյուրանոցում, երրորդը մեկ այլ տեղ, և միայն ԱԺ նախագահ Միրզոյանը չգիտես ինչու ապահովագրված և պաշտպանված չէր զայրացած ամբոխի ձեռքը հայտնվելու վտանգից:
Բարեբախտաբար, Միրզոյանը ողջ մնաց այդ անմարդկային բռնությունից հետո: Եվվ մնաց իհարկե հարցը՝ ինչու՞ նա ևս պաշտպանված չէր: Ի՞նքն էր հրաժարվել, թե՞ «մոռացել» էին նրա մասին»:

