Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում ցուցադրվեց ֆիլմ մարշալ Բաղրամյանի մասին
«Հաղթանակի արվեստը. Մարշալ Բաղրամյան» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի մեծագույն զորավարներից մեկի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի փառահեղ ռազմական կարիերայի և մարդկային որակների մասին, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում հնարավորություն ունեցան դիտելու երևանյան մի շարք դպրոցների աշակերտները։ Ֆիլմը նկարահանել է «Պարտներ ֆիլմ» ընկերությունը՝ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ։

Ողջունելով պատանի հյուրրեին՝ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդ հեռուստադիտողները շատ օգտակար և կարևոր տեղեկություններ կստանան Հայրենական մեծ պատերազմի և հայ ժողովրդի քաջարի զավակի մասին, ով անգնահատելի ներդրում է ունեցել երկար սպասված Հաղթանակի հասնելու գործում։
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Յամալո-Նենեցական ինքնավար մարզի պատվիրակության երիտասարդ անդամները, որոնք Հայաստանում են «Միջազգային մշակութային և կրթական ճամփորդություններ» նախագծի շրջանակներում։ Ֆիլմից հետո նրանք շփվեցին հայ հասակակիցների հետ՝ կիսվելով իրենց դպրոցական առօրյայի և հասարակական ծրագրերին մասնակցության պատմություններով։
«Նման միջոցառումների շնորհիվ երիտասարդ սերունդը շատ բան է իմանում Հայրենական մեծ պատերազմի և այն բարձր գնի մասին, որը վճարել են իրենց պապերն ու նախապապերը և ընդհանրապես ամբողջ խորհրդային ժողովուրդը մեր խաղաղ ապագայի և ազատության համար։ Ես կարծում եմ, որ այսօրվա միջոցառման մասնակիցները նորովի բացահայտեցին մեր լեգենդար մարշալին, որը, ծնվելով գյուղական ընտանիքում, անհավանական բարձունքների է հասել զինվորական կարիերայում։ Վստահ եմ, որ ֆիլմը նրանց համար նաև հայրենասիրության ևս մեկ դաս ծառայեց», – մեզ հետ զրույցում ասաց Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Կորկոտյանը։
«Այս ֆիլմն ինձ համար բազմաթիվ բացահայտումներ էր պարունակում պատերազմի, ինչպես նաև Հովհաննես Բաղրամյանի զինվորական կարիերայի և այն սխրագործությունների մասին, որոնք նրան արժանացրել են Խորհրդային Միության մարշալի կոչման։ Անկեղծ ասած, ես խորապես ոգեշնչվեցի նրա` հայրենիքին անձնուրաց նվիրվածությամբ», – ասաց աշակերտ Էդուարդ Գունչակը։
Ֆիլմի ցուցադրությունը, որը տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։

