Մանկապարտեզներում և դպրոցներում բացակաների 14.4%-ը պայմանավորված է սուր շնչառական վարակներով
47-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։
Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։
Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է հեռավար ուսուցման:
Նոյեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր 55635 բացականերից սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակա են 8064-ը, ինչը կազմում է ընդհանուր բացակաների 14.4%-ը:
8064 ՍՇՎ-ով բացականերից 104-ը բացահայատվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն:
«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿԱԿ-ը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
- Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,
- խուսափե՛ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով
- երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին
- մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե՛ք եղանակին համահունչ,
- պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե՛ք անձնական հիգիենային»,- նշում են կենտրոնից:

