Թուրքիայում գյուղ կա, որտեղ բոլորը նույն ազգանունն ունեն
Թուրքիայի Հաթայ նահանգում կա Գյոզենե անունով մի բնակավայր, որ համարվում է երկրի ամենահետաքրքիր և յուրօրինակ վայրերից մեկը։ Յուրօրինակությունն այն է, որ այդ բնակավայրում ապրում է 2000 մարդ ու նրանց բոլորի ազգանունը նույնն է՝ «Դադյուք»։ Այն թարգմանաբար նշանակում է քաղցր, հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ չնայած տարիների ընթացքում տարբեր ընտանիքներ են ձևավորվել, ազգանունը մնացել է անփոփոխ։ Նախկինում շփոթմունքներ շատ են եղել, բայց անձնագրի համարանիշների տրամադրումից հետո այդ խնդիրը լուծվել է։ Ավելին, նշվում է, որ այդ բնակավայրի գերեզմանատան բոլոր շիրմաքարերի վրա ևս նույն ազգանունն է։
Համայնքի ղեկավար Յուսուֆ Դադյուքը նշում է, որ թեև բնակավայրի անվանումը Գյոզենե է, բոլորն այն կոչում են Դադյուք, իսկ հարակից թաղամասերի բնակիչները տեղացիներին անվանում ենդադյուքլեր։
«Քանի որ գյուղում կա 8 գերդաստան, և մենք գիտենք նրանց ծագումը, մեզ համար խնդիր չէ իրար ճանաչելը, մանավանդ երբ իմանում ենք, թե ում հայրը ով է։ Հարցեր են տալիս հիմնականում ուսուցիչները կամ դրսից եկածները։ Նրանք զարմանում են, երբ առաջին անգամ են գալիս, բայց հետո վարժվում են դրան»,- նշում է թաղապետը։

