Մարդիկ 15-20 օր Լարսի անցակետում մնում են, ՌԴ-ն այդ օրերը հաշվարկում է թույլատրելի 90 օրվա մեջ և արտաքսում. Բեժանյան
Ռուսաստանի տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք չէ, որ մեկ օրում հնարավոր լինի մի ծայրից մյուսը գնալ, այնտեղ օրեր են պետք, պետք է բեռը տանել, տեղ հասցնել, դատարկել, նոր բեռ վերցնել, վերադառնալ, և վեց-յոթ անգամ գնալ-գալու պարագայում այդ թույլատրված 90 օրը կարող է ծախսվել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ անդրադառնալով խնդրին, որ սեպտեմբերի 10-ին ՌԴ-ում խստացվել է օրենսդրությունը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։
«Մյուս կողմից, մարդիկ գալիս են և Լարսի անցակետում օրերով մնում են։ Այսինքն լինում են դեպքեր, երբ մարդիկ 10-15-20 օր այդ անցակետում մնում են մինչև կարողանան դուրս գալ, և այս օրերը ևս այդ 90 օրից հաշվարկում են։ Ստացվում է, որ անձինք այդ 90 օրը ուղղակի չեն կարող չգերազանցել։
Նույնիսկ եթե Լարսի խցանումները չլինեն, միևնույն է, հաճախ բեռներ տանող բերող անձինք տարվա ընթացքում միանշանակ գերազանցելու են այդ 90 օրը, այդ 90 օրը բավարար չի։ Մյուս կողմից էլ երբ խոսում ենք բեռնափոխադրումների մասին, այս կատեգորիայի անձինք որևէ կերպ չպետք է դիտարկվեն օրենքի այս կետի տակ որպես օտարերկրացիներ։ Դրանք այն օտարերկրացիները չեն, որոնք գնում են Ռուսաստան մասնավոր այցի նպատակով»,–ասաց Բեժանյանը։
Նա ևս մի խնդիր մատնանշեց. «Սահմանապահները առողջ տրամաբանության շրջանակում, պնդում են, որ այս օրենքը չպետք է վերաբերի բեռնափոխադրողներին և նրանց թույլատրեն մուտք գործել Ռուսաստան։ Սակայն արդեն ՌԴ տարածքում ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են բեռնափոխադրողներին, հաշվում են այդ օրերը, և քանի որ այս օրենքի կիրառությունը դրված է ոստիկանության վրա, իրենք առանց դատարանի որոշման մուտքի արգելք են կիրառում։
Սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ բոլոր այն երկրներին, որոնք ունեն ցամաքային սահման Ռուսաստանի հետ և չունեն վիզային ռեժիմ ՌԴ մուտք գործելու դեպքում։ Ես նաև տեղեկություն ունեմ, որ Ղազախստանի վարորդները ևս նույն խնդիրը ունեն, նրանց և էլ տարել են միգրացիոն բանտ, և տուգանք են վճարել, և մուտքի արգելք են ստացել»,– ընդգծեց մասնագետը։

