Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ ժամանեց իր թիմակիցների հետ
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին անգամ ժամանեց ընկերության գլխավոր գրասենյակ։ Նրա հետ մի քանի մարդ է եկել։ Լրագրողների հարցին՝ այդ մարդիկ իր անվտանգությո՞ւնն են ապահովում, նա ասաց. «Ես անվտանգություն չունեմ։ Իրենք իմ թիմակիցներն են, ովքեր պետք է ինձ ուղեկցեն այս գործընթացի ընթացքում։ Տարբեր մասնագետներ են»։
Նա հայտարարեց, որ իր լիազորությունները սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում ոլորտը կարգավորող մարմնի մասին օրենքով, «էներգետիկայի մասին» օրենքով և այլն, և որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորությունները իրականացնելու է օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում հանուն ՀՀ և նրա քաղաքացու։
«Այսօր՝ իմ այս ժամին աշխատանքի գալը պայմանավորված է արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացի հետ։ ՀԾԿՀ նախագահի որոշումով նշանակվելով ժամանակավոր կառավարիչ՝ որոշումն ուժի մեջ է մտել ծանուցման պահից, սակայն իմ լիազորությունները լիարժեք իրացնելու համար ինձ անհրաժեշտ էր այդ որոշումից բխող լիազորություններս գրանցել նաև պետական ռեգիստրի գործակալությունում, ինչն առավոտը տեղի է ունեցել։ Բոլոր փաստաթղթերը ձեռքից ներկայացել եմ ՀԷՑ՝ փաստացի ստանձնելու իմ լիազորությունները»,- ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ այ գործընթացը որևէ կերպ չքաղաքականացել, դա քննադատության չի դիմանում։
Հիշեցենք, որ ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:
Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Որոշման մեջ թվարկված են ՀԷՑ-ի կողմից օրենսդրության խախտումները, որոնք էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել և ժամանակավոր կառավարիչ նշանակել։
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ:

