Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի չխոչընդոտի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես կարծում եմ՝ կա ինչ-որ բան անելու հնարավորություն, և եթե այդպես վարվենք (ընդլայնենք պատժամիջոցները), ապա կարելի է ամեն բան շատ ավելի վատթարացնել», – բացատրել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նա հնարավոր է համարել, որ «կարող է գալ ժամանակ, երբ դա (պատժամիջոցների խստացումը) տեղի ունենա»։
Թրամփը նաև նշել է, որ իր համոզմամբ՝ Պուտինը խաղաղություն է ցանկանում։
«Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկվել է նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ։
«Թրամփը հիշեցրել է, որ Սենատում սկզբունքորեն պատրաստ է նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, սակայն ինքն անձամբ պատժամիջոցների կողմնակից չէ, այլ կողմնակից է հասնել այս կամ այն պայմանավորվածության», – ասել է Ուշակովը։