ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Theodore Roosevelt ատոմային ավիակիրը մտել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի։ Այդ մասին հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

Ավիակրի ժամանումից հետո Իրանի հարավարևելյան ափերի մոտ տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք ավիակիր հարվածային խմբեր։

Axios-ի գնահատմամբ՝ սա վկայում է տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի անսովոր մեծ ներկայության մասին՝ Իրանի դեմ ավելի քան յոթ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին:

Ժամանած երրորդ խմբի կազմում, բացի ավիակրից, ընդգրկված են USS Chosin հրթիռային հածանավը, երկու էսկադրային ականակիր՝ USS Paul Hamilton-ը և USS Decatur-ը, ինչպես նաև Seahawk միջին չափի նավը, որը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության, վերգետնյա ու ստորջրյա իրադրության վերահսկման և վաղ նախազգուշացման առաջադրանքների կատարման համար։

Արաբական ծովի՝ Իրանից հարավ-արևելք ընկած հատվածում այս պահին մարտական հերթապահություն են իրականացնում USS George Washington և USS George Bush ավիակիրները։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48 կործանիչ։

Ավիակիրների հետ միասին Իրանի մերձակայքում տեղակայված են նաև հածանավ և հրթիռային սպառազինությամբ 11 ականակիր, ինչպես նաև USS Miguel Keith արշավախմբային ծովային բազա։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երկու ականակիր գտնվում է Կարմիր ծովում, իսկ չորսը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տվյալներով՝ ենթադրվում է, որ USS Theodore Roosevelt-ը կփոխարինի USS George Washington ավիակրին, որը Մերձավոր Արևելքում տեղակայված է օգոստոսի 19-ից։