Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու կից օրենքներում

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նոյեմբերի 16-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Նախագծերի ընդունման նպատակն է ներքին գործերի բնագավառում երկարաժամկետ կտրվածքով հանրային անվտանգության որակյալ մասնագետների ապահովումը, ինչպես նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, նպատակային մասնագիտական կրթության՝ ՆԳՆ բնագավառի ծառայության անցնելու և երկարաժամկետ ծառայողական կարիերայի միասնական ու շարունակական ուղու ձևավորման հնարավորության ստեղծումը:

Արմեն Մկրտչյանի խոսքով պետական պատվերի շրջանակում՝ ՆԳՆ կողմից սահմանված տեղերի և կրթական ծրագրերի շրջանակում ՆԳՆ ուսումնական հաստատություն ընդունվելու և ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն է նախատեսվում այն քաղաքացիների համար, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ ստացել են զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Համապատասխան կրթական ծրագիրն ավարտած անձանց համար երաշխավորվում է ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին պաշտոններում ծառայության անցնելը՝ ՆԳՆ համակարգում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով: Ուսումնառության ամբողջ ժամկետով, ինչպես նաև անընդմեջ ծառայության ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 35 տարին լրանալը, նախատեսվում է նաև այդ անձանց զորակոչի տարկետում: 10 տարի անընդմեջ ծառայությունից կամ 35 տարին լրանալուց հետո այդ անձանց պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորությունը համարվում է իրացված:

Ըստ զեկուցողի՝ որպես պայմանի խախտման հետևանք՝ նախատեսվում է ուսման ծախսերը փոխհատուցելու պարտավորություն՝ բացառությամբ հիվանդության պատճառով կամ ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ծառայությունից ազատվելու դեպքերի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով զորակոչի ենթարկվելու պարագայում: Միաժամանակ ծառայության անցնելու գրավչության խթանման նպատակով այս կրթական ծրագիրն ավարտած ծառայողներն անձնակազմի համալրման նպատակով համարվելու են ատեստավորված:

Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայիս կարգավորումներով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե վերջինիս լիազորությունները դադարեցվում են կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չի ստանում, այդ թույլտվությունը մերժվում կամ դադարեցվում է:

Համանման կարգավորում նախատեսվում է նաև կրթահամալիրի սովորողների համար, քանի որ վերջիններս համարվում են ոստիկանության ծառայող և այս հիմքով ազատվելուց հետո նրանք պարտավորվելու են փոխհատուցել ուսման ծախսերը։

Վերջին առաջարկով նախատեսվում է իրավական որոշակիություն մտցնել փրկարար ծառայողների բժշկական ստուգումներ և փորձաքննություններ անցնելու տեսանկյունից՝ հստակեցնելով, որ վերջիններս անցնում են ոստիկանության բժշկական հանձնաժողովով:

Առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը։