ԱՄՆ-ից «ինքնաարտաքսման» ծրագրով վտարել են առաջին միգրանտներին

Հոնդուրաս և Կոլումբիա է ժամանել առաջին չարտերային ինքնաթիռը՝ այդ երկրների 64 քաղաքացիներով, որոնք կամավոր լքել են ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարած «ինքնաարտաքսման» ծրագրով։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (ՆԱՆ) մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է CNN-ը։

Գերատեսչությունից նշել են, որ անօրինական միգրանտներն իրենք են գրանցվել նոր CBP Home հավելվածում։ Նրանց համար կազմակերպել են չարտերային չվերթ Հյուսթոնից՝ երկու կանգառով, հաղորդում է DW-ն։ Նրանք ստացել են անվճար ուղևորություն, 1000 դոլարի չափով վճարում և օրինական հիմունքներով ԱՄՆ վերադառնալու հնարավորություն։

Հոնդուրասի իշխանությունները, որտեղ վերադարձել է 38 մարդ, նրանց լրացուցիչ 100-ական դոլար են հատկացրել և սննդի կտրոններ տվել, ինչպես նաև խոստացել են օգնել աշխատանքի տեղավորման հարցում։ Կոլումբիա վերադարձած 26 անձանց այդ երկրի իշխանությունները «սոցիալական ծառայություններ են մատուցել», հայտնել են ԱՄՆ ՆԱՆ-ից։