Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են աշխարհաքաղաքական գնացքի հետևից վազողների դերում, որոնք փորձում են ցատկել վերջին վագոնի մեջ. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Եթե մոտ կես տարի առաջ հայ-ռուսական հարաբերությունների սրընթաց անկում էինք դիտարկում, ապա այսօր հարաբերություններն ավելի մեղմ են:

Հարաբերությունների այս թեթևակի սերտացումը քաղաքական վերլուծաբան, Մերձավոր Արևելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կապում է Կրեմլում Հայաստանի գծով համակարգողի փոփոխության հետ: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին փոխարինել է առաջին տեղակալ, ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը պուտինյան ադմինիստրացիայի ամենաազդեցիկ դեմքերից է:

 – Ակտիվ խոսակցություն կա այսօր Սյունիքի միջանցքի շուրջ, և Ռուսաստանը կարծես դրդում է կողմերին, որ արագ տրվի միջանցքը: Դա պե՞տք է Ռուսաստանին, եթե նա, միևնույն է, չի վերահսկելու այն:

– Սյունիքի միջանցքը ոչ մեկին էլ պետք չէ: Ռուսաստանին այն պետք չէ բացարձակ, որովհետև հիմա թուրքական աշխարհում բոլորովին այլ խաղեր են սկսվում: Թուրքական աշխարհի միասնականություն էլ չկա: Եվրոպան հրաժարվում է Ադրբեջանով անցնող էներգետիկ կոմունիկացիաներից: Չինաստանը սկսում է իր ալյանսը կառուցել Միջին Ասիայի հետ, և նրա համար մեկ ճանապարհ կարող է լինել՝ Միջին Ասիայով դեպի Ռուսաստան և Եվրոպա: Սյունիքի միջանցքով ո՞ւր գնալ` Թուրքիա՞: Թուրքիան ներկայում համարյա պատերազմական վիճակում է: Այդ միջանցքը վտանգավոր է դառնում: Այնպես որ, այն ոչ մեկին պետք չէ:

Հայաստանին առավել ևս պետք չէ, բայց այն պետք է Ադրբեջանին:

– Ադրբեջանին պետք էր այլ պայմաններում, բայց հիմա, երբ Եվրոպան հրաժարվում է ֆինանսավորել նրա էներգետիկ նախագծերը, կասպիական ռեսուրսի նշանակությունն ընկնում է: Եվրոպան հայտարարում է, որ զարգացնելու է կանաչ էներգետիկան, իսկ Ամերիկան բոլորին դուրս է մղում եվրոպական շուկայից՝ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական գազը:

Բայց չէ՞ որ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ այն իրենց պետք է, ստանալու են և այլն:

– Ի՞նչ նշանակություն ունի, թե իրենք ինչ են ասում: Նրանք հայտնվել են բոլորովին այլ իրավիճակում: Կովկասի երեք հանրապետություններից ամենաառաջադեմն ու ամենախելացին, պարզվում է, Վրաստանն է: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են աշխարհաքաղաքական գնացքի հետևից վազողների դերում, որոնք փորձում են ցատկել վերջին վագոնի մեջ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: