Հայաստան-Ադրբեջան էլեկտրոնային դիվանագիտությունը շատ դիտարժան է

Հայաստան-Ադրբեջան էլեկտրոնային դիվանագիտությունը շատ դիտարժան է, հետաքրքիր և նորույթներով հագեցած: Ինչ պարզվեց, Երևանից և Բաքվից գրեթե միաժամանակ պաշտոնապես ազդարարվեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, վերջին երկու հոդվածներն էլ համաձայնեցված են և ավարտված է դրա շուրջ բանակցային գործընթացը: Դրան հետևեցին ջերմ շնորհավորանքները տասնյակ մայրաքաղաքներից և միջազգային կառույցներից: Այս իրադարձությունները ներկայացվեց նաև որպես դիվանագիտական կարևոր նվաճում խաղաղության ճանապարհին: Միաժամանակ համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ ականատես եղանք ոչ բնականոն իրադարձությունների: Չորս տարի տևած տանջալից ու բարդ բանակցությունների ավարտից անմիջապես հաջորդ օրերին սկսվեց ապատեղեկատվությունը սահմանային կրակոցների մասին, իսկ հետո Բաքվից առաջ քաշվեցին ստորագրման նոր նախապայմաններ՝ սահմանադրության, Մինսկի խմբի, միջանցքի և անկլավների մասին: Փաստացիորեն ամենացավոտ չլուծված և կոնֆլիկտային հարցերը ընդգրկված չէին պայմանագրի մեջ և բարձրաձայնվեցին դրա պատրաստ լինելու մասին հայտարարությունից հետո: Կրկնում են, թերևս մեկ այլ նման դեպք դժվար է գտնել դիվանագիտության պատմության մեջ: Ստացվեց, որ բանակցային գործընթացի ավարտից հետո սկսվում է նոր դիմակայություն: Անհրաժեշտ տեղեկատվության չտիրապետելով՝ դժվար է ասել, թե սա ինչ է: Ինչպես կարելի ավարտել մի փաստաթղթի շուրջ աշխատանքը և նորից սկսել դիմակայությունը հենց նույն փաստաթղթի շուրջ: Մի կանխավարկած, որի մասին արդեն գրառում էի արել մի քանի օր առաջ: Հավանաբար ստորագրման գործը կասեցվել է կամ Անկարայից, կամ Մոսկվայից Ալիևի վրա որոշակի ճնշման արդյունքում: Ստորագրման պատրաստակամության ՀՀ վարչապետի անկեղծության վրա չեմ կասկածում: Սպասվող ընտրությունների և ներքաղաքական լարվածության աճի պայմաններում այս կարող էր մատուցվել որպես նվաճում պատերազմի կանխարգելման կառավարության քաղաքականության գործում: Ամեն դեպքում իրավիճակը մնում է անհասկանալի:

Գարիկ Քեռյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր