Վանաձորում թալանել են «Ուժեղ Հայաստանին» սատարող քաղաքացու տունը, երբ նա հանրահավաքին ելույթ էր ունենում
Երեկ՝ մայիսի 26-ին, բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքում մտել են Վարդանանց 82 հասցե և այնտեղից կատարել ոսկյա զարդերի և խոշոր չափի գումարի գողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանները, ովքեր դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը թալանվել է, պատկանում է Վանաձորում հայտնի անձնավորություններից մեկին՝ Տիգրան Բադոյանին, ով այս պահին ԱԺ ընտրություններում սատարում է «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, իսկ գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ ինքը Վանաձորում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունենում, և երևի գողը կամ գողերը լավ տեղեկացված են եղել, որ տանը մարդ չկա ու ստահակներն իրենց սև գործն են արել։

