Մեր դիվանագիտությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ առաջնորդվելով «մի վնասիր» սկզբունքով․ Փաշինյանը՝ հայ գերիների մասին
Բաքվի դատավարության համատեքստում մենք հստակ նշել ենք, որ տեղեկություններ կան, որ արգելված միջոցներ են կիրառվում, խոշտանգումներ են կիրառվում։ Այս մասին մարտի 5-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ԱԳՆ-ն տվել է հստակ գնահատական, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս խնդրի լուծման ուղղությամբ։ Մեր դիվանագիտությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ առաջնորդվելով առաջին հերթին «մի վնասիր» սկզբունքով։
Մեր գնահատականը շատ պարզ է՝ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, արգելված այլ միջոցներ։ Սա մեզ համար անընդունելի է»,- նշել է Փաշինյանը։
Նրա կարծիքով, եթե Բաքվի այս տեսարաններն օգտագործվում են հայ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն գործադրելու համար, իսկ եթե Ադրբեջանին դա հաջողվում է, նշանակում է, որ Բաքուն կատարում է իր խնդիրը։ «Ստացվում է, որ մենք էլ այս տեսանկյունից պետք է ընկալենք այս խնդիրը»,- ընդգծեց նա։

