Նոր ռեկետ՝ օրենքի ուժով
Ժողովուրդն իմաստուն խոսք ունի՝ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը։ Այս անգամ էլ ժողովրդական իմաստնության կանխատեսումն իրականացավ նոր արդարադատության նախարարի թեթև ձեռքով․ ժողովրդավարության բաստիոն իշխանությունների կողմից ժողովրդին հարստահարելու նոր նախագիծ է առաջարկվել։ Նախկին նախարար Կարեն Ադրեասյանն իր պաշտոնանկման զգացմունքային նամակում գրել էր, թե մի շարք բարեփոխումների ծրագրեր է նախատեսել ոլորտում, որոնք նա հույս ուներ՝ իր գնալուց հետո կյանքի կկոչվեն։ Հիմա հայտնի չէ՝ արդարադատության ա՞յս, թե նախկին նախարարի ձեռքի գործն է նոր նախագիծը, իսկ գուցե իշխանական թիմի պարագլուխն է այդ միտքը հուշել ու պարտադրել, մի բան հստակ է՝ դրա կիրառմամբ, եթե այն օրենքի ուժ ստանա, հերթական առիթով խախտվելու են ՀՀ արդարության ձգտող քաղաքացիների իրավունքները, և այն բնավ ոլորտի բարեփոխման մասին չէ, այլ բյուջեն սեփական քաղաքացիների ապրուստից լցնելու։ Ավելին, դրա արդյունքում չի բացառվում, որ մարդկանց բիզնեսը տուժի, փակվի, ոմանք սննկանան, իսկ հասարակ քաղաքացիները ստիպված կլինեն իրենց ընտանեկան բյուջեից անիմաստ գումարներ սղացնել պետական բյուջե, անգամ եթե իրենց անօրինականորեն են տուգանել։
Հիմա ներկայացնենք բուն նախագիծը, որի մասին արդեն երկու-երեք օր է ահազանգում են մասնագետները, թեև այն այդքան էլ մեծ հանրային արձագանք դեռ չի ստացել։ Թերևս շատերը մտածում են, թե նախագիծն իրենց չի դիպչելու։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը և որոշակի փոփոխությունների ենթարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը։ Ըստ գործող իրավակարգավորման, եթե անձը վիճարկման հայց է ներկայացնում դատարան, որն ընդունվում է վարույթ, ապա վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է, մինչև այդ հարցով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Այսինքն, եթե հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կազմվում է վարչական ակտ՝ տուգանք նշանակելու կամ այլ լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման վերաբերյալ, ապա այդ ակտի վիճարկման նպատակով ներկայացված հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու դեպքում հարկային մարմնի ակտը ենթակա չէ կատարման մինչև դրա վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելը։ Ընդ որում, վճիռը կարող է բողոքարկվել բոլոր երեք ատյաններում, և այդ ընթացքում դատարանի որոշումը դեռ չի կարող ուժի մեջ մտնել, հետևաբար ոչ մի վճարում չի կարող պարտադրվել։
Առաջարկվող նոր կարգավորումներով անձը՝ լինի իրավաբանական, թե՝ ֆիզիկական, պարտադրված է լինելու իր նկատմամբ կիրառված տուգանքը կամ հարկային որևէ պարտավորություն վճարել, որից հետո միայն իր ցանկությամբ կարող է այդ ակտը բողոքարկել դատարանում։ Միայն դատարանի կողմից ակտը չեղարկելու դեպքում գումարը ենթակա է վերադարձման։
Հաշվի առնելով մեր երկրում ակտավորման անվերահսկելի վիճակը, պատասխանատու պաշտոններում, մեղմ ասած, ոչ իրավասու մարդկանց նշանակումները, կադրային խայտառակ քաղաքականությունը, ինչի արդյունքում հարկային մարմիններում, ոստիկանությունում հաճախ աշխատանքի են անցնում տարրական կրթություն, ուր մնաց մասնագիտական կրթություն չստացած անձինք՝ կարող ենք եզրակացնել, որ նոր նախագծի կյանքի կոչմամբ կամայական ու անգրագետ որոշումների հետևանքով քաղաքացիները ինչ լուրջ խնդրի են բախվելու։ Եթե հարկային տեսուչը ապօրինի բիզնեսին տուգանի բավականին զգալի գումարի չափով, որից տվյալ բիզնեսը կարող է լրջորեն տուժել, տնտեսվարողը ստիպված է լինելու վճարել տուգանքը կամ մարել հարկային պարտավորությունը, որից հետո միայն բողոքարկել տվյալ որոշումը ՀՀ Վարչական դատարան։ Իսկ հաշվի առնելով մեր դատարանների սաստիկ ծանրաբեռնվածությունը, պարբերաբար դատավորների տեղափոխությունները մեկ ատյանից մյուս ատյան, ինչի հետևանքով ամեն նոր դատավոր գործը սկսում է քննել զրոյից, նման բովանդակության դատավարությունները կարող են տարիներ տևել։ Պարեկային ծառայությունների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տուգանքներն ու ակտավորումները ևս նույն մեխանիզմով են վճարվելու։
Քիչ է՝ մարդկանց կամ տնտեսվարողներին անհիմն ու անօրինականորեն տուգանել ու պարտադրել են տուգանքը վճարել, հակառակ դեպքում հարկադիր ծառայությունը կալանք կդնի նրանց հաշիվների վրա, դեռևս 2021 թ. հոկտեմբերի 29-ին ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացումների ու փոփոխությունների միջոցով այս իշխանությունները զգալիորեն բարձրացրել էին դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Իսկ այս տարվա հունվարի 1-ից էլ փաստաբաններին հարկային փոփոխություններով զրկել են անվճար խորհրդատվություն մատուցելուց՝ նրանց վրա զգալի հարկային բեռ դնելով ամեն դատական գործի համար։ Թող տնտեսագետները հաշվեն, թե ինչ է արժենալու Նիկոլի Հայաստանում արդարադատությունը յուրաքանչյուրիս համար, որքան գումար պետք է ծախսի շարքային քաղաքացին, տնտեսվարողը՝ իր իրավունքները պաշտպանելու համար, որոնք ի դեպ հենց պետության կողմից են ոտնահարվել։
Ինչպես նշում են իրավապաշտպանները՝ նման նախագծերն անխուսափելիորեն արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու երկրում։ Ընդ որում, նաև բիզնեսն է արտագաղթելու, և կապիտալը դուրս է բերվելու երկրից, ներդրումները զգալիորեն կրճատվելու են, իսկ արտաքին ներդրումները՝ զրոյացվելու։ Տնտեսագետներն էլ նշում են, որ նման նախագծերի միջոցով կառավարությունը նպաստում է, որպեսզի կոռուպցիան աճի, քանի որ մարդիկ նախընտրելու են կարճ ճանապարհով գնալ և պայմանավորվել այս կամ այն մարմնի հետ՝ չեղարկելու տուգանքն ու հարկային պարտավորությունը, քան արդարությունը վերականգնելու դժվար ու տևական ճանապարհն անցնել։ Այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած այլ հարկային պարտավորությունների տոկոսադրույքների աճը հաշվի առնելով՝ մոտակա տարիներին անխուսափելի է լինելու աղքատության թվի կտրուկ աճը։
Թագուհի Ասլանյան

