Քաջազնունին մոռացված է ոչ միայն դրսում, այլև Հայաստանում. Գիլ Թրոյ․ «Մեդիամաքս»

«Մեդիամաքս»

Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուեր մրցանակի դափնեկիր Գիլ Թրոյը վերջերս Daily Beast պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգությունը. չափազանց բորբոքված և այժմ մոռացված» հոդված էր գրել Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու մասին:

«Հուսալով դառնալ Կովկասի Ջորջ Վաշինգթոնը՝ Հովհաննես Քաջազնունին 100 տարի առաջ օգնեց ստեղծել Հայաստանի առաջին Հանրապետությունը, բայց այսօր մոռացված է…: Հայերից քչերը նշեցին Քաջազնունու 150-ամյակը, ոչ ոք չգիտի, թե որտեղ է ամփոփված նրա աճյունը»,- գրել էր պատմաբանը:

«Մեդիամաքսին» տված հարցազրույցում Գիլ Թրոյը պատմել է, թե ինչպես է իմացել Հովհաննես Քաջազնունու մասին, ինչու է որոշել գրել նրա մասին, ինչ գիտի ժամանակակից Հայաստանի և հայերի մասին:

Ինչպե՞ս իմացաք Հովհաննես Քաջազնունու մասին և ինչո՞ւ որոշեցիք ուսումնասիրել նրա պատմությունը:

– Երեք տարի Daily Beast-ի համար «Գաղտնի կյանքեր» շաբաթական սյունակը գրելիս՝ ես շատ ժամանակ եմ անցկացրել՝ որոնելով հաճախակի անտեսված անհատների մասին հետաքրքիր և կարևոր պատմություններ:

Այս տարվա սկզբին, երբ տեսա, որ 1918 թ. գարունը նշանավորում է Հայաստանի Հանրապետության 100-ամյակը, դա ինձ հետաքրքրեց: Որպես հրեա, որպես ամերիկացի՝ վաղուց եմ ամաչում քաղաքականության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության հարցի քողարկման պատճառով:

Դուստրս, ով վերջին մի քանի տարիներին ապրում է Երուսաղեմում, հայ սենեկակից ունի, և մենք որոշ հայերի հետ ենք ընկերացել: Այդպիսով՝ ես մտածում էի, որ հետաքրքրաշարժ կլինի ամերիկացիների հետ կիսվել Հայաստանի՝ մեկ դար առաջվա պատմությամբ՝ լավի, վատի և տգեղի մասին:

Այնուհետև, խորացա իմ ուսումնասիրություններում և կարծում էի, որ Հովհաննես Քաջազնունին կլինի հրաշալի խայծ, իսկական գաղտնի կյանք: Կարծում էի, որ նա մոռացված է կամ անհայտ է ամերիկացիների համար, սակայն պարզեցի, որ Հայաստանում ևս անտեսված է…

Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ, ինչպես Դուք եք նշել ձեր հոդվածում, Հայաստանում բավարար ճանաչված չէ Հովհաննես Քաջազնունին:

–  Կարծում եմ՝ Հովհաննես Քաջազնունու՝ Հայաստանում լավ հայտնի չլինելու երեք պատճառ կա: Նախ, Հանրապետությունը ձախողվում էր մի քանի եղանակներով, և նա այնքան էլ հայկական Ջորջ Վաշինգթոնը չէր, քանի որ Հանրապետության կյանքն ընդհատվեց: Երկրորդ, Խորհրդային կարգերում գիտակցված միտում կար պատմությունը ներկայացնել իրենց տեսանկյունից, որում քիչ տեղ էին զբաղեցնում ազնիվ, ինքնուրույնության ձգտող և անկախ մտածող հայրենասերները՝ ինչպիսին Հովհաննես Քաջազնունին էր: Երրորդ՝ այնպես ազնիվ և անկեղծ լինելը, ինչպես նա իր շարժման մեջ էր, գին ունի, ինչի համար էլ որոշ հայ հայրենասերներ հասան այն բանին, որ գրադարաններում ոչնչացրին հռչակագիրն ու նրա մասին գրքերը:

Նա, ի տարբերություն Ամերիկայի, չտվեց կատարյալ Հանրապետության տարբերակը և որոշ սխալներ գործեց. հետագայում թուրքերն ու կոմունիստները, հաշվի առնելով նրա արտահայտած որոշ մտքեր, դրանք օգտագործեցին իրենց օրակարգն առաջ տանելու համար:

Ուսումնասիրե՞լ եք, արդյոք, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր ունեին այդ իրադարձությունները Հայաստանի հետագա ճակատագրի և որպես պետություն կայացման վրա:

– Ես ամերիկացի պատմաբան եմ, ով շաբաթը մեկ անգամ տարբեր պատմություններ է «փորփրում», այնպես որ ես ամենևին Հայաստանի պատմության փորձագետ չեմ: Կարծում եմ, որ Հովհաննես Քաջազնունու և առաջին Հանրապետության պատմությունը կարևոր նախազգուշացնող հեքիաթ է՝ Հայաստանին և անկայուն շրջանների այլ փոքր երկրներին զգուշացում՝ ցանկացած պետության փխրունության, ազգային միասնության անհրաժեշտության և այն մասին, որ արտաքին դաշնակիցների հետ ասոցացվել պետք է, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է զգուշավոր լինել:

Դա նաև կարևոր պատմություն է ճշմարտության մասին՝ ներառյալ ձեր ազգի նվաճումները և թերությունները, ինչը ենթադրում է պատրաստակամ լինել ինքնաքննադատության:

Ի՞նչ գիտեք մեր օրերի Հայաստանի մասին:

– Ես երբեք Հայաստանում չեմ եղել, բայց շատ կցանկանայի այցելել: Ես ավելին գիտեմ Հայաստանի մասին, քան շատ ամերիկացիներ, սակայն եթե անկեղծ լինեմ, իմ իմացածն էլ այդքան շատ չէ: Սակայն տարբեր ընկերների և ծանոթների հետ շփումների ու որոշ հետազոտությունների արդյունքում ես բավականաչափ տեղեկացված եմ, որպեսզի հիանամ այս խիզախ ժողովրդով, ովքեր սարսափելի հալածանքների են ենթարկվել թուրքերի, ապա Խորհրդային կարգերի կողմից, բայց կենդանի և ծաղկուն են պահել իրենց ավանդույթներն ու արժեքները:

Դա ոգեշնչում է ինձ որպես ամերիկացու, ով հավատում է ազգայնականությանը, ոգեշնչում է որպես հրեայի, ով հավատում է Սիոնիզմին՝ հրեական ազգայնականությանը, և, մասնավորապես, ոգեշնչում է գնահատել այն պատմությունը, որը մենք կարող էինք անվանել «Ազգի վերադարձ» կամ «հավիտենական ժողովուրդ»: Դա ինձ նաև որպես մարդ է ոգեշնչում, որը հավատում է մարդկային ոգու ուժին և տոկունությանը՝ անհատապես և հավաքականորեն:

Հոդվածում Դուք խոսում եք նաև Հայոց ցեղասպանության մասին և որպես պատմաբան հստակ գնահատականներ եք տալիս 1915թ.-ի հայերի ողբերգությանը: Ձեր կարծիքով, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման գործում ի՞նչ դեր կարող են ունենալ պատմաբանները:

– Դա, եթե անկեղծ, հոդվածը գրելու իմ օրակարգի մասն էր կազմում: Ավելի երկար տարբերակում կամ, թերևս, մեկ այլ հոդվածում, ես կցանկանայի ուսումնասիրել դեսպան Հենրի Մորգենթաուի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի դերը, ով 1915թ.-ին համարձակորեն զգուշացրել էր ԱՄՆ-ին, որ «ռասայական ոչնչացման քարոզարշավ է ընթանում»: Նրա հուշերը՝ «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» լույս է տեսել 1918թ.-ին, և մենք՝ որպես պատմաբաններ և հումանիստներ, պետք է օգտագործենք այդ տարեդարձը՝ պահանջելու, որ ԱՄՆ կառավարությունը և աշխարհի մյուս մասը դադարեցնեն անտեսել փաստերը և քաղաքականացնել պատմությունը:

Այս պատվավոր մարդը և ազնիվ դիտորդն իր հուշերում՝ հայերի մասին «Ազգի սպանությունը» գլխում, նկարագրելով այդ վայրագությունները՝ դրանք անվանում է «սառնարյուն, հաշվարկված պետական քաղաքականություն»:

Ամոթ մեզ, որ այդ հանցագործությունների մասին բավականաչափ տեղյակ չենք: Ամոթ մեզ, որ կոծկել ենք դա՝ տեղի տալով թուրքերին: Ես հետաքրքրված չեմ ցեղասպանության ճանաչմամբ՝ զուտ միայն որպեսզի թուրքերն իրենց վատ զգան, կամ հայերը՝ լավ: Բայց ճշմարտության կոծկումը, որպես պատմաբանի, ինձ վիրավորում, սարսափեցնում և նյարդայնացնում է: