Ուկրաինան դեռ ազատ է, և մեզ հաջողվել է դիմակայել Չինաստանին. Բայդենը հրաժեշտի ուղերձ է հղել
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը ամերիկացիներին հրաժեշտի հեռուստաուղերձ է հղել, որը հեռարձակվել է Սպիտակ տան յութուբյան ալիքով:
Նա ասել է, որ ապահովել է Դոնալդ Թրամփին իշխանության խաղաղ անցումը և հաջողություն է մաղթել նոր վարչակազմին։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է «ժողովրդավարությանն սպառնացող օլիգարխիայի» առաջացման մասին:
«Այսօր Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ամբողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին ու ազատություններին և բոլորի համար արդարացիորեն առաջ գնալուն», – ասել է Բայդենը՝ ուշադրություն հրավիրելով «մի քանի գերհարուստ մարդկանց ձեռքում իշխանության կենտրոնացման վտանգի և իշխանության չարաշահումը չվերահսկվելու դեպքում, վտանգավոր հետևանքներին»:
The Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար միլիարդատեր Իլոն Մասկը ծախսել է ավելի քան 100 միլիոն դոլար, իսկ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը մեծ նվիրատվություններ են կատարել Թրամփի երդմնակալության հանձնաժողովին։
Բայդենը հայտարարել է նաև երկրի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, որը, նրա կարծիքով, պետք է հնարավորություն տա քրեական պատասխանատվության ենթարկել օրենքը խախտած նախագահներին և նախկին ղեկավարներին։
«Մենք պետք է լրացումներ կատարենք, որպեսզի պարզ լինի, որ ոչ ոք անձեռնմխելի չէ պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների նկատմամբ», – ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նախագահական իշխանությունը «բացարձակ չէ և չպետք է լինի»։
The Associated Press-ը նշում է, որ սա կապված է 2024 թ. ամռանը Գերագույն դատարանի ընդունած վճռի հետ, երբ դատավորներն ասացին, որ նախկին նախագահները լայն անձեռնմխելիություն ունեն պաշտոնական գործողությունների համար, որոնք կատարել են պաշտոնավարման ընթացքում։ Այս վճռի շնորհիվ 2020 թվականին Կապիտոլիումի վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ Թրամփի դեմ գործը բավական մեղմացել է, իսկ նրա դեմ մեղադրանքները չեղյալ են հայտարարվել, երբ նա նոյեմբերին ընտրվեց նախագահ։
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Բայդենն ասել է, որ Գազայի հատվածում հարդադարի հաստատման վերաբերյալ գործարքի ծրագիրը մշակել և իրագործել է իր վարչակազմը։
«Մենք ուժեղացրել ենք ՆԱՏՕ-ն դրսում։ Ուկրաինան դեռ ազատ է, և մեզ հաջողվել է դիմակայել Չինաստանին»,- ասել է Բայդենը՝ որևէ անգամ չհիշատակելով Ռուսաստանը կամ Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի հետ:
«Ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր ձեռքբերումների ազդեցությունը զգացվի: Բայց սերմերը ցանվել են, և դրանք կաճեն առաջիկա տասնամյակների ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Իր նախագահության ձեռքբերումների թվում նա նշել է գրեթե 17 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև առողջապահության հասանելիության ընդլայնումը։

