Ֆիդանը հնարավոր է համարել թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայից
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ իր երկիրը պատճառ չունի պահպանելու ռազմական ներկայությունը Սիրիայում միգրացիայի և ահաբեկչության հետ կապված սպառնալիքի վերացման դեպքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես գիտեք, Սիրիայում թուրքական ներկայությունը երկու հիմնական նպատակ ուներ։ Մեկը Թուրքիա հետագա զանգվածային միգրացիայի կանխումն է, որովհետև ընդդիմությանը ենթակա [տարածքներում] ապրում է 5 մլն մարդ։ Ահաբեկչության դեմ պայքարի հարցերը ևս կարևոր են մեզ համար։ Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ այս երկու հիմնական խնդիրները վերացվում են, մենք պատճառ չունենք մնալու Սիրիայում»,- նշել է նա Կատարի Al Jazeera հեռուստաալիքի հարցազրույցում՝ պատասխանելով թուրքական զորակազմի հնարավոր դուրսբերման մասին հարցին, եթե անցումային կառավարությունը լիակատար վերահսկողություն սահմանի երկրի տարածքում։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան մտադիր է օգտագործել իր ազդեցությունը Սիրիայում՝ սիրիացի ժողովրդի համար ավելի մեծ օգնություն ներգրավելու նպատակով։ «Մենք դրան նայում ենք այս անկյան տակ, որովհետև չենք ցանկանում տեսնել, որ տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ինչ-որ կերպ գերիշխում է Սիրիայի վրա»,- ավելացրել է նա։ «Ոչ մի երկիր իրականում չի կարող լուծել Սիրիայի բոլոր խնդիրները, ուստի մենք պետք է աշխատենք միասին»,- շարունակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

