Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում. Ժաննա Անդրեասյան
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Ջահանգիր աղայի կիսանդրու բացման արարողությունը:
Թանգարանի Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցադրության մեջ տեղ գտած եզդի աշխարհազորայիններին նվիրված ցուցահամալիրն այսօր հարստացել է նաև զորահրամանատար Ջահանգիր աղային նվիրված նյութերով ու արխիվային փաստաթղթերով։
Կիսանդրու բացմանը հաջորդել է հոբելյանական հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, Ջահանգիր աղայի ժառանգները և բազմաթիվ հյուրեր։
Միջոցառումն իրականացվել է Վաքիլ Խատոևի և Ջահանգիր աղայի հետնորդների աջակցությամբ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ խորհրդանշական է Հայաստանի «Սարդարապատ» ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում անցկացնել Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որտեղ ժամեր առաջ տեղադրվել է նաև զորահրամանատարի կիսանդրին:
«Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում և հայ ժողովրդի հետ միասին հերոսաբար պայքար է մղել: Ջահանգիր աղան, իրավամբ, եղել է այդ պայքարի խորհրդանիշներից մեկը. նրա հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է: Միևնույն ժամանակ հատկանշական է, և պահվող վավերագրերը վկայում են, որ Ջահանգիր աղան հայ հոգևոր և աշխարհիկ ինտելեկտուալ շրջանակների հետ միասին ներգրավված է եղել նաև կրթական և մշակութային կյանքի զարգացման գործում: Կիսելով հայ ժողովրդի բռնադատված էլիտայի ներկայացուցիչների ճակատագիրը՝ նա էլ խորհրդային տարիներին բռնադատվում է և իր մահկանացուն կնքում 1938 թվականին Սարատովի բանտերում, այնուհետ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացվում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։