Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվի
Երեկ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգության ռազմավարությանը, հայտարարեց, թե իր թիմը, ըստ էության ինքը միանձնյա, կայացրել է ռազմավարական որոշում, որ Հայաստանը պետք է ունենա փոքր տիպի մոդուլային ատոմակայան: Փաշինյանն իր որոշումը հիմնավորում է մասնագետների այն պնդումներով, թե մոդուլային ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, այսինքն՝ եթե մոդուլային տեխնոլոգիաներով կառուցված ատոմակայանի ներսում վթար լինի, մոտակա բնակավայրի բնակչությանը չեն տարհանի, վթարի հետևանքները մինչև այդ բնակավայրեր չեն հասնի և չեն սպառնա շրջակա միջավայրին: Փաշինյանը կարևորել է նաև հարևան պետություններից ժամանակ առ ժամանակ հնչող հիստերիաների կանխումը այդպիսի ատոմակայան կառուցելու դեպքում: Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ Թուրքիայի ու նրա սատելիտ Ադրբեջանի կողմից ամեն առիթով բարձրացվող հիստերիկ վայնասունը Մեծամորի ատոմակայանի՝ իրենց պետություններին սպառնալիք լինելու մասին, ընդամենը Հայաստանի Հանրապետությանը էներգետիկ կարևոր կառույցից զրկելու և այդպիսով մեր պետությունը ավելի խոցելի դարձնելու միտում ունի: Եվ Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ նման հոգածություն է ցույց տալիս մեր պոտենցիալ թշնամի պետությունների հանդեպ՝ նշելով, որ մոդուլային ատոմակայանը նաև նրանց վախերը կփարատի: Իսկ թուրքադրբեջանական վախերը նաև պայմանավորված են Հայաստանում ատոմի գոյությամբ: Անգամ եթե վերանանք մոդուլային ատոմակայանի քաղաքական ենթատեքստից, ապա մասնագետների հավաստմամբ՝ նման ատոմակայան ունենալու որոշումը հապշտապ է և չմտածված, չկշռադատված՝ հիմնված սահմանափակ պատկերացումների վրա:
Աշխարհում շատ պետություններ են մոդուլյար ատոմակայանների կառուցմանը ձգտում՝ հաշվի առնելով դրանց առավելությունները: Դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ Փաշինյանն ինքը փաստեց, որ այդ փորձերը դեռևս փորձարարական փուլում են, և այս պահին նման տեխնոլոգիայով գործող ատոմակայան գոյություն չունի: Կան կառուցվողներ, որոնք տարբեր ընթացքի մեջ են, բայց դրանք դեռ պետք է շահագործվեն և աշխատանքի ընթացքում ապացուցեն իրենց արդյունավետությունը: Ասել է թե՝ մենք օդում հերթական փուչիկն ենք փչում: Հետևաբար խելամի՞տ է արդյոք Հայաստանի իշխանությունների նման ընտրությունը՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը էներգետիկ անվտանգության առումով բավականին խոցելի վիճակում է՝ մեծ մասամբ կախված լինելով այլ երկրի էներգառեսուրսներից, իսկ ՀՀ իշխանությունները ջանք չեն խնայում այդ երկրի հետ իրենց հարաբերությունները ոչ թե խզելու, այլ թշնամականի վերածելու: Թերևս հենց այդ հեռանկարով էլ այսօր ՀՀ ղեկավարը շտապում է ապահովագրել իրեն ռուսական կողմի հնարավոր պատասխաններից, որոնից մեկն էլ կարող է լինել, օրինակ, Ատոմակայանի համար անհրաժեշտ ուրանի մատակարարման դադարեցումը: Այդ դեպքում մեր երկիրը խոր էներգետիկ ու տնտեսական ճգնաժամի մեջ կհայտնվի:
Այդուհանդերձ մի օր, երբ Մեծամորի գործող ատոմակայանի արդեն երկարացված շահագործման ժամկետը սպառվի, իսկ շահագործումը երկարացվել է մինչև 2036 թվականը, մեր երկիրը կանգնելու է նոր ատոմակայն ունենալու խնդրի առաջ: Հաշվի առնելով, որ նոր ատոմակայանի կառուցումը զգալի ժամանակ է պահանջում, հիմա է պահը դրա հիմքերը գցելու գոնե թե ճիշտ ընտրություն կատարելով: Ժամանակին, երբ ռուս գործընկերները օգնության հասան Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու համար անհրաժեշտ վերափոխման, վերազինման աշխատանքները իրականացնելու համար և գործի առյուծի բաժինը վերցրեցին իրենց ձեռքը, արդեն խոսակցություններ էին տարվում, որ հենց նրանք էլ՝ ռուսական պետական Ռոսատոմ կազմակերպությունը հնարավոր է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու գործին լծվի, մանավանդ, որ ռուսական այդ նույն կազմակերպությունը հասցրել է վստահություն ձեռք բերել աշխարհի մի շարք երկրներում ատոմակաանների նախագծեր իրականացնելով, այդ թվում՝ հարևան Թուրքիայում: Իշխանազավթումից հետո այդ խոսացությունները դադարեցին, և վերջերս Փաշինյանի քարոզչական օղակներով շրջանառության մեջ դրվեցին մոդուլային փոքր ատոմակայանի մասին խոսակցությունները: Իսկ առաջարկը ԱՄՆ-ից էր, այն ԱՄՆ-ից, որի պաշտոնյան օրերս հայաստանցիներիս փորձում էր նախապատրաստել խիստ ձմեռներին դիմանալուն՝ հորդորելով հրաժարվել ռուսական գազից ու ռուսական էներգառեսուրսներից: Եվ ահա Փաշինյանի պատրաստակամությունը ամերիկյան կամքը կատարելուն չուշացավ: Արդյո՞ք մոդուլային ատոմակայանի գաղափարը, որն ամենայն հավանականությամբ նա ամերիկյան մասնագետների միջոցով կառաջարկի իրականացնել, հենց դեպի ցուրտ ու դաժան ձմեռները տանող ճանապարհը չէ: Ռուսական էներգետիկ կախվածությունից ձերբազատվելու դիմաց ամերիկյան կողմը մեզ ընդամենը ցուրտ ձմեռներ է խոստանում, այն դեպքում, երբ նույն Արևմուտքը ռուսական գազին այսօր այլընտրանք չունի, և պատժամիջոցներից հետո նորից շարունակում է ռուսական գազ սպառել՝ միջնորդավորված ու անհամեմատ թանկ գներով: Ուրեմն այդ Արևմուտքը ի՞նչ այլընտրանք կարող է առաջարկել մեզ: Մտածելն անգամ սարսափելի է մանավանդ այն սերնդի համար, որը վերապրել է դաժան 1990-ականների ցուրտ, մուտ ու սովահար տարիները: Ինչևէ:
Մոդուլային ատոմակայանի թեմայի վերաբերյալ զրուցեցինք Էկո-մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի հետ, որը մասնագետներից տեղեկություններ է քաղել նման տեխնոլոգիայով աշխատող ատոմակայանների մասին: Հենց տիկին Կիրակոսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ չորս տարի է՝ արտասահմանցի մասնագետները աշխատում են Մեծամորի ատոմակայանում՝ անվտանգության ապահովման և հեռանկարում կայանը կոնսերվացնելու համար։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, որը ևս շահագրգռված է, որ Հայաստանում ռուսական էներգակիրներով ու ռուսների հետ համագործակցությամբ ատոմակայան չլինի։
–Տիկին Կիրակոսյան, համարժե՞ք այլընտրանք է արդյոք մոդուլային ատոմակայանը մեր այսօրվա ունեցած ատոմակայանին:
– Մոդուլային ատոմակայան ունենալը գուցե լավ գաղափար է, բայց փոքր մոդուլային ռեակտորների (SMR) արդյունաբերական արտադրությունը մոտ ապագայում հնարավոր չէ, քանի որ աշխարհում 19 երկիր տարիներ շարունակ մշակում են նման ռեակտորների նախագծեր, բայց դրանք չեն արտադրվում։ Դրանց բազմաքանակ արտադրության համար տասնյակ տարիներ կպահանջվեն, իսկ մինչ դրա արտադրողը դեռ լիցենզիա էլ պետք է ձեռք բերի, որը ևս մի քանի տարի կտևի։
Բացի դա, Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ իր բացարձակ անգրագիտությունն է ցույց տվել՝ հայտարարելով, թե «փոքր ատոմակայանները» էկոլոգիապես ավելի անվնաս են ու ընդհանրապես իբր ավելի անվտանգ են։ Նման բան չկա, մոտ 80 նախագծվող ռեակտորների հեղինակները նշել են, որ փոքր ռեակտորով ատոմակայանների որոշ տեսակներ կարող են արտադրել ավելի շատ թափոններ մեկ միավորի համար, քան սովորական ռեակտորները, իսկ որոշ դեպքերում ավելի քան 5 անգամ շատ վառելիք կարող է ծախսվել մեկ կիլովատի համար և 35 անգամ ավելի շատ այլ թափոններ, ինչպիսին օրինակ՝ ռադիոակտիվ պողպատն է: Նման կայանների նեյտրոնների արտահոսքի արագությունը գնահատվում է ավելի բարձր, քանի որ փոքր ռեակտորների միջուկներում արտանետվող նեյտրոնները վառելիքի հետ փոխազդելու ավելի քիչ հնարավորություն ունեն: Վառելիքը ավելի քիչ է էներգիա արտադրում՝ ավելացնելով թափոնների ծավալները: Դա կարող է թափոնների կառավարման նոր համակարգերի ստեղծման պահանջ առաջացնել, ինչը նորից մասնագետներից տարիներ կխլի։ Հետևաբար հայտարարությունները, թե մոդուլային ատոմակայաններն անհամեմատ անվտանգ են ու քիչ ռիսկային շրջակա միջավայրի, մոտակա բնակավայրերի համար, անհիմն են:
–Իսկ ֆինանսական առումով փոքր մոդուլային ատոմակայանները ավելի՞ խնայող են, ո՞րն է դրանց տնտեսական առավելությունը՝ ի տարբերություն 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի, ինչը նախատեսվում էր անել ռուսական կողմի հետ: Եթե չեմ սխալվում, փոքր մոդուլային ատոմակայանը, որը նախատեսում են կառուցել Հայաստանում, լինելու է 300-400 ՄՎտ հզորության:
–Մեծ հզորությամբ ատոմակայանները միավորի բերված ավելի մատչելի են, քան փոքր ռեակտորով ատոմակայանները: Դրանց աշխատանքը գնահատելու համար տնտեսական նշանակության առումով, պետք է նախ շահագործել: Բայց ինչպես նշեցի, մինչ օրս փոքր մոդուլային շահագործվող ատոմակայանի օրինակ չունենք: անգամ ԱՄՆ-ը, որ մեզ այդպիսի ատոմակայաններ է առաջարկում ունենալ, իր ունեցած առաջին փոքր մոդուլյար ատոմակայանի շահագործման հանձնելու ժամկետները պարբերաբար հետաձգում է: 2021 թվականի ամռանը Չինաստանում, որտեղ 19 սովորական մեծ, այսինքն առնվազն 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայաններ են գործում, սկսեցին կառուցել փոքր 125 ՄՎտ-անոց ատոմակայան։ Սակայն դեռ հայտնի չէ, թե այն ինչպես է աշխատում արդյունավե՞տ է, թե ոչ։ Հայտնի չէ նաև, թե այդ չինական կայանը ամբողջությամբ ե՞րբ կհանձնվի շահագործման։
Նման փոքր 70 ՄՎտ-անոց կայան ջրի վրա կառուցվել է Ռուսաստանում։ Այդ լողացող ատոմակայանը ակադեմիկոս Լոմոնոսովի անունով է կոչվում և Չուկոտկայում է շահագործվում։ Այսինքն այս պահով էլ դեռ ժամանակ է պետք, որ դրա անվտանգ լինելը հասկանանք։ Ի դեպ, ռուսներն առաջարկել են այդ կայանը Հայաստան բերել, սակայն այն ջրի վրա է, դեռ փորձարկվում է և հայտնի չէ, թե ինչպե՞ս կդրսևորի իրեն մեր սեյսմիկ գոտում, հողի վրա տեղադրելուց հետո։
Նման ատոմակայանի կառուցումը նաև ավելի ժամանակատար է՝ ի տարբերություն հզոր ռեակտորով ատոմակայանների, որոնց կառուցման համար 5-8 տարի է պահանջվում: Մոդուլայինների դեպքում 10 և ավելի տարի է անհրաժեշտ:
Արդեն մի քանի ամիս է՝ ուսումնասիրում եմ այս ոլորտի նորությունները և ավելի եմ համոզվում, որ Հայաստանի իշխանությունները ատոմակայանի հարցում ևս տուրք են տալիս թուրքական ցանկություններին: Լավ գիտակցելով, որ մեծ հզորությամբ ատոմակայան ունենալը Թուրքիային ձեռնտու չէ, փորձում են մարդկանց ականջներին լապշա կախել, թե նոր հզոր ռեակտոր Մեծամորում պետք չէ, թե ընդհանրապես Հայաստանին այդքան հզորությամբ ատոմակայան հարկավոր չէ, քանի որ արտադրված էլեկտրաէներգիան սպառելու տեղ չի լինելու: Այնինչ, միշտ էլ կարելի է շուկայում մրցակցել և ավելի շահավետ առաջարկ անել հարևաններին: Մանավանդ, որ այսօր ամբողջ աշխարհում էներգետիկ էժան ռեսուրսների պահանջարկ կա: Մեկ կարևոր հանգամանք ևս: Ատոմակայանի արտադրանք էլեկտրաէներգիան նաև լավ հնարավորություն է բնական ռեսուրսների պահպանման համար, ինչը այսօր վտանգվել է փոքր հէկ-երի պատճառով:
Փաստն այն է, որ ինչ պատճառաբանություն էլ մեջբերեն ՀՀ իշխանությունները, Հայաստանը շուտով կդադարի լինել ատոմային երկիր, և կիրականանա Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը:
Հ. Գ. Շատ կարևոր հանգամանք է, որ հաջորդ ատոմակայանը ֆինանսական առումով շահավետ լինի՝ հաշվի առնելով, որ դրա կառուցման ու հետագա շահագործման ֆինանսական բեռը արտացոլվելու է ատոմակայանի միջոցով ստացվող էլեկտրաէներգիայի գնի վրա: Իսկ դա իր մուլտիպլիկատիվ ազդեցությունն է ունենալու ոչ միայն բնակչության կենսամակարդակի, այլև երկրի տնտեսության վրա: Այս հարցերը շատ ավելի առաջնային են, քան հարևան պետությունների վախերը հայկական ատոմակայանից: Սրանց վրա պետք է ուշադրությունը սևեռեն մեր քաղաքական այրերը: Իսկ անվտանգության առումով, ինչպես նշում են մասնագետները, ժամանակակից ռեակտորը անհամեմատ անվտանգ է շահագործման մեջ և հնարավոր ռիսկերը հասցված է նվազագույնի:
Թագուհի Ասլանյան

