Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում․ Վաղինակ Մարտիրոսյան
Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ՆԳՆ շենքի դիմաց լրագրողներին ասաց Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Սարդարապատի հուշահամալիր մայիսի 28-ին Վերափառի և հոգևոր դասի մուտքը մեծաթիվ ոստիկանական ուժեր խոչնդոտել էին, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` Վեհափառին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։
Նա անդրադառնալով շարժման խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ինչպես քաղաքացիների, այնպես էլ պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնի ուժ գործադրելու միջադեպերին՝ Մարտիրոսյանն ասաց․
«Մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան, նույն ձևի նաև քրեական վարույթներ կան։ Խնդրանքս այն է, որ ոստիկաններին չթիրախավորեն։ Բոլոր այն ոստիկանները, որոնք կարգապահական խախտում են թույլ տալիս, վստահեցնում եմ, որ կենթարկվեն պատասխանատվության»։
Բագրատ Սրբազանն էլ արձագանքեց, որ շարժման անդամները երբևէ չեն թիրախավորել ոստիկաններին․ «Մենք անընդհատ մոտեցել ենք, բարի ծառայություն ենք մաղթել, շնորհակալություն ենք հայտնել։ Իրենք էլ կարող են վկայել։ Մենք չենք թիրախավորել։ Մենք մտածում ենք չէ՞, որ իրենք ինքնագործունեությամբ չեն գործում, իրենց հրաման տվող է եղել չէ՞։ 30 հոգով մարդ ծեծելը դա ի՞նչ արարքի մասին է խոսում։ Ես այդ ծառայողական քննությունների ընթացքն ու կոծկումն էլ գիտեմ»։

