Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ տղա եք՝ հողերը մի տվեք․ հիմա տղեքը հողերը չեն տվել, բա հող տվողն ի՞նչ է

ՀՀ երրորդ Հանրապետության անկման փորձերից փոքրիկ դրվագներ

2021թ․ մայիսի 12-ին համացանցում լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում Սև լճի (Սև լիճը Սյունիքի ու Արցախի սահմանագլխին՝ Իշխանասարի լանջին է գտնվում) տարածքից ադրբեջանցիները անցել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3 կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում, ՊՆ-ը հերքեց հայտարարելով, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Այս դեպքից անցել է երկու տարուց ավելի ժամանակ, սակայն ադրբեջանցիները դեռ «սահմանների ճշգրտում» են իրականացնում։

Մեկ օր անց ՊՆ-ը հայտարարություն տարածեց․ «Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից»։

Մայիսի 28-ին ՔՊ ակտիվի հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սև լճին՝ ասել է․«Մենք ասենք, որ հա նայենք, ուսումնասիրենք, ասենք մենք Սև լճի էդ 30 տոսկոսի համար պատերա՞զմ ենք սկսում, ոչ, չի լինում նման բան, մենք չենք գնալու իրավիճակի սրման: Մենք գնալու ենք իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»:

Այսպիսի հայտարարություններով մանիպուլացվեց հասարակությունը, մոռացվեց Սև լճի թեման, իսկ թշնամին դա մարսեց։

Դրան հետևեցին մի շարք առաջխաղացումներ թշնամու կողմից ՀՀ սուվերեն տարածքում բոլոր հնարավոր ուղղություններով, թշնամին թիրախավորում էր հիմնականում խաղաղ բնակչությանը, գրեթե ամեն օր մամուլը գրում էր, որ ադրբեջանական հերթական սադրանքի ու ագրեսիայի զոհ է դարձել խաղաղ բնակիչ, ով իր աշխատանքն է կատարելիս եղել  դաշտում, այգում։ Սկզբում արձագանքը ավելի կտրուկ էր մարդկանց մի մասի կողմից, անընդունելի, սակայն որոշ ժամանակ անց հասարակությունը դրան էլ հարմարվեց, և ամեն անգամ մահվան գույժ լսելիս՝ որևէ արձագանք, դատապարտում չէր լինում կամ քչերի կողմից էր լինում։

Թվում էր թե այսքանից ավելի սանձարձակություն թշնամին իրեն չէր կարող թույլ տալ, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 00։05 սահմաններում թշնամին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Ջերմուկի ուղղությամբ: Ըստ հայկական կողմի պաշտոնական տվյալների՝ մենք ունեցել ենք 207 մարդկային զոհեր, երկու տասնյակից ավելի գերեվարվածներ, 297 վիրավորներ, վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ, հազարավոր քաղաքացիներ տարհանվել են, հասցվել է միլիոնավոր դրամի վնաս։

Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ թշնամին «նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ տարածք են օկուպացրել մեր երկրից։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս  10քկմ օկուպացրել են մեր երկրից»։ Բայց ինչպես տարիներն են ապացուցել, եթե Փաշինյանը որևէ թիվ է հայտարարում, ապա այդ թիվը պետք է բազմապատկել առնվազն երկուսով կամ երեքով։

Ենթադրենք այդ ստին էլ հավատացինք ու անցանք առաջ։

Սեպտեմբերյան ագրեսիային հաջորդեց հանրության բուռն ցասումը, թվում էր, թե այդ պահին հնարավոր է երկրում իրավիճակ փոխել, սակայն հայտնվեցին ինչ-որ մութ կամ լավ էլ լուսավոր ուժեր, ու մարեց այդ պայքարը։

Այս նվաստացումն էլ կուլ գնաց

2023 թ հունիսին ագրեսոր պետության բռնապետ Ալիևը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է։ Իշխանության ներկայացուցիչները  «Вешать лапшу на уши» սկզբունքով համոզում են հանրությանը, որ դա «լկտի սուտ է» և անցնում հետագա զիջումներին։

Իհարկե ստորության գագաթնակետը այս իշխանությունների կողմից Արցախի ճանաչումն էր Ադրբեջանի կազմում։ Շատերին թվում է, թե այն մարդիկ, որոնք հայկական Արցախը ճանաչում են ագրեսոր պետության մաս՝ մարսելու են, սակայն դա միայն իրենց թվում է, քանզի դրա պատասխանը շատ դաժան է լինելու, նրանք իրենց պատիժը Աստծուց են ստանալու։

Հիշեցնեմ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, և այս ամենը տեղի է ունենում «հումանիստ» ձևացող աշխարհի աչքի առաջ։

Հիշում եք չէ՞, ինչպես էին քննադատում Սերժ Սարգսյանին ներկա իշխանությունները, ինչեր էին խոստանում իրենց ընտրազանգվածին, ինչպիսի Հայաստանի մասին էին խոսում․ բա ո՞ւր է ձեր նկարագրած պետությունը կամ առհասարակ ո՞ւր է մեր հրաշագեղ  պետությունը, ո՞ւր է մայր Հայաստանի սիրտը հանդիսացող Արցախի Հանրապետությունը, ո՞ւր է մեր Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունյաց աշխարհը, ինչո՞ւ եք Հայաստանի սիրտը խոցում, ողնաշարը՝ կոտրում, փաստորեն սա՞ էր ձեր խոստացած ապագան։

Բա Սերժի ժամանակ թշնամու մտքով կանցնե՞ր, թշնամին կհանդգնե՞ր ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, օկուպացնել այն, ամրանալ մեր դիրքերում ու ագրեսիա իրականացնել, ՀՀ տարածքից զինվորներ գերեվարել։ Հիմա կասեք հատուկենտ փորձեր եղել են, միգուցե, բայց թշնամու ցանկացած փորձ համարժեք պատասխան է ստացել, որովհետև այդ ժամանակ ունեցել ենք ղեկավարություն, ունեցել ենք հզոր բանակ, ունեցել ենք առողջ սիրտ՝ Արցախ և առողջ ողնաշար՝ Սյունիք։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր ղեկավարման տարիներին կարողացել է մեր երկու հայկական պետությունների՝ Հայաստանի և Արցախի սահմանները անառիկ պահել, որովհետև ունեցել է քաղաքական հոտառություն, հայրենիքի ընկալում, տիրապետել է բանակցային արվեստի նրբություններին և ի վերջո թշնամու շահը հայրենիքի շահից վեր չի դասել, ինչպես ոմանք։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ տղա եք՝ հողերը մի տվեք, հիմա տղեքը հողերը չեն տվել․ բա հող տվողն ի՞նչ է։ 

Լուսինե Այրապետյան