Երբ «հեղափոխական» էյֆորիան հետզհետե սկսեց մարել, և սկսվեց սպասումների հիասթափության շրջանը, հաջորդիվ տեղի ունեցան տրավմատիկ ճգնաժամային երևույթներ․ «Լույս» հիմնադրամ
«Լույս» հիմնադրամը գրում է․ «Հայաստանի քաղաքական գիտակցության մեջ առկա են ճգնաժամային բաղադրիչներ՝ տրավմա, անոմիա, արժեշահային համակարգի հեղհեղուկ վիճակ, օտարվածություն, ինքնության ճգնաժամ, ֆրուստրացիա, ունիֆիկացում։ Սրանք թեև բարդ, գուցե անհանգստացնող եզրույթներ են, բայց արտացոլում են իրականությունը և դրա մի մաս են կազմում։
Հետաքրքրականն այն է, որ այս բացասական երևույթներից շատերը մեր օրերում իշխող վարչախմբերի համար դառնում են գործիք կամ առնվազն սնուցվում են իշխանական էլիտայի կողմից` արժեշահային համակարգերի խարխլմամբ։
Երբ նկատվում է նորմատիվային համակարգերի խարխլում, անորոշության աճ, սպասումներից հիասթափություն և անզորություն, մենք առերեսվում ենք անոմիա կոչվող երևույթին, որը հանրային գիտակցության ճգնաժամային բնութագրիչներից ամենամտահոգիչն է։
Անոմիայի հայեցակարգի ուսումնասիրման առաջամարտիկներից են Էմիլ Դյուրկհեյմը և Ռոբերտ Մերթոնը, ովքեր Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օրինակներով վերլուծել են հասարակության և կառավարող վերնախավի սոցիալ-հոգեբանական շեղումները։ Դյուրկհեյմը, օրինակ, սոցիալական հոռետեսության և ապատիայի աճը բացատրում էր ագրարային սոցիալական համակարգից արդյունաբերականի անցումով, որի ընթացքում հին նորմերը դադարեցին գործել, իսկ նորերը դեռ չէին հասցրել ձևավորվել: Իսկ Մերթոնը, վերլուծելով ԱՄՆ-ում հանցավորության բարձր մակարդակի պատճառները, մատնանշել էր իրավական և բարոյական ճանապարհներով իշխանության հասնելու անհնարինությունը և ամերիկացիների պատրաստակամությունը խախտելու սոցիալական հաստատված կարգը՝ հանուն զանգվածային մշակույթի տարածած իդեալների տարածման։
Անկայուն իրավիճակում գերակա է դառնում քաղաքական միջավայր պատահական գործոնների և վարքագծային դրդապատճառների ներթափանցումը, նվազում է անձնական անվտանգության մակարդակը, զգալիորեն արժեզրկվում է պետական իշխանության հեղինակությունը, հասարակության շրջանում հասունանում է անհանգստություն, անվստահություն և անորոշություն:
Դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ, սպասումների հիասթափությունը հանգեցնում է քաղաքացիների ընդհանուր քաղաքական վարքագծի փոփոխությունների։ «Նորմերը ձևականորեն շարունակում են գոյություն ունենալ, դրանք հնարավոր է պահպանել, սակայն հնարավոր է անպատժելիորեն խախտել դրանք։ Նորմերի համընդհանուր ու անպատիժ խախտումները լայն տարածում են ստանում վերջին տարիներին, ինչն էլ իր հերթին ամենաթողության դրսևորում է»։
Եթե երևույթը դիտարկենք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում, ապա որպես օրինակ կարելի է ներկայացնել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը։ Հասարակության մի մասը իր անմիջական մասնակցությունն ուներ իշխանափոխության գործընթացին՝ ուղղորդվելով կոնկրետ նպատակներով և շահերով` անտեսելով նպատակին հասնելու համար կիրառված միջոցներն ու դրանց հետևանքները։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ «հեղափոխական» էյֆորիան հետզհետե սկսեց մարել, և սկսվեց սպասումների հիասթափության շրջանը, հաջորդիվ տեղի ունեցան տրավմատիկ ճգնաժամային երևույթներ (պատերազմներ, համավարակ, մեծաքանակ զոհեր), հայ հասարակության շրջանում անոմիան խորացավ։
Սակայն, հայ հասարակության մեջ առկա իրավիճակը վերլուծելու և ներկա սոցիալ-հոգեբանական խնդիրները վերհանելու նպատակով փորձ ենք կատարել դիտարկելու գործընթացները տեղեկատվական անոմիայի շրջանակներում: Երբ տեղեկատվական աններդաշնակ հոսքերը գերակշռում են, տեղեկատվության նկատմամբ վստահությունն ու որակը նվազում է, ինչի արդյունքում տեղեկատվությունը կորցնում է առաջնային նշանակությունը, իսկ հասարակության համար առաջանում է ընկալման բազմաթիվ տարբերակներ: Մեր ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հենց տեղեկատվական անոմիան է նպաստել հայ հասարակության այլընտրանքային կամ իմիտացիոն իրականության ձևավորմանը… Հասարակության մի հատված, ապրելով տրավմատիկ երևույթներ, չունենալով բացարձակ վերահսկողություն ստացվող տեղեկատվական հոսքերի նկատմամբ, ապրում է «պատրանքային իրականությունում»»:
Առավել մանրամասն՝ կարդացեք այստեղ։

