ՀԱՊԿ-ում մտահոգված են՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարող են լարել իրավիճակը Կովկասում

ՀԱՊԿ-ում նշում են Կովկասյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակի բարելավումը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ֆոնին, սակայն չեն բացառում իրավիճակի վատթարացումը Մերձավոր Արևելքի ճգնաժամի, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողությունների ազդեցությամբ։

«Կովկասյան հավաքական անվտանգության տարածաշրջանում գոհունակությամբ արձանագրում ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման դրական տեղաշարժերը։ Սակայն տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերլուծությունը ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը, ինչպես նաև Եվրամիության և ԱՄՆ-ի ազդեցության աճը կարող են իրավիճակն ավելի բարդ դարձնել»,- Անվտանգության միջազգային ֆորումում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Նա նաև մտահոգություն է հայտնել Արևելաեվրոպական հավաքական անվտանգության տարածաշրջանում՝ ՀԱՊԿ արևմտյան սահմանների մոտ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կապված «ՆԱՏՕ-ի արևելյան թևի բարձր ռազմական ակտիվության և ամրապնդման, ինչպես նաև եվրոպական երկրների կողմից Ուկրաինային համակարգված սպառազինման հետ»։

«Այս տարածաշրջանում իրավիճակը աննախադեպ լարված է և կրում է սուր բնույթ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ընդհանուր առմամբ, Մասադիկովի խոսքով, «լուրջ մտահոգություն է առաջացնում բազմաթիվ երկրներում ընթացող սպառազինությունների մրցավազքը»։

«Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2025 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են 2,9 տրիլիոն դոլարի։ Հատկապես մեծ աճ ռազմական ծախսերի ոլորտում արձանագրվում է Եվրոպայում»,- նշել է նա։