Սրանք դեռ մնում են անպատիժ, մենք լռում ենք ու մեր լռությամբ հանդուրժում չարիքը. ես դադարում եմ հասկանալ իմ ժողովրդին

Թուրք–ադրբեջանական փողերով ու օրակարգով Հայաստանի իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանի առաջին անելիքը եղավ վարկաբեկել, կազմաքանդել Հայկական բանակը: Դրան էր միտված ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի վրա կարված տուշոնկի շինծու գործը, իսկ հետո ադրբեջանցիների ահ ու սարսափ գեներալին մահվան հասցնելը:

Փաշինյանի քայլերը ծրագրված էին, բանակի վարկաբեկումը նպատակային` թուլացնել երկրի զինված ուժերն ու տանել պարտության: Եվ 2020-ին դա հաջողվեց իրականացնել Հայաստանի իշխանության ղեկը զավթած գործակալական ցանցին:

44-օրյա  պատերազմից հետո  հայ ժողովուրդը հայտնվեց բոլորովին այլ` աղետալի իրողության մեջ. մեզնից  խլեցին մեր  30 տարվա հաղթանակները, մեր ազատագրված Արցախը, վարկաբեկեցին մեր բանակը, մեզնից խլեցին մեր 5000 տղերքին, մեր ազգային հպարտությունը…

Բայց այս ամենով հանդերձ հայրենիքի գողը կանգ չի առնում, որովհետև թշնամու օրակարգը դեռ սպառված  չէ: Կնշանակի թուրքի խամաճիկը դեռ պիտի զոհասեղանին դնի ողջ Հայաստանը:

Ու հիմա սպասվող պատերազմի շեմին թիրախում դարձյալ Հայոց բանակն է, հայ զինվորն ու գեներալը, ում հիմա  փորձում են նսեմացնել, ստորացնել, վարկաբեկել: Եվ դարձյալ նպատակը նույնն է` տանել  պարտության: Մի կողմից կալանավորում,  ձերբակալում են հայտնի զինվորականներին, մյուս կողմից Նիկոլի կամակատար  ԱԱԾ-ի ձեռքով դավաճաններ փնտրում բանակում:  Թիրախավորված զինվորականներից մեկն էլ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է: Դասալիք Նիկոլը չի կարող ներել թշնամուն պարտության մատնած, հայրենիքին  անմնացորդ ծառայած գեներալին, չի կարող ներել նաև նրա համար, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ  Գրիգորի Խաչատուրովը ևս պահանջում էր  Նիկոլի հրաժարականը` լավ իմանալով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի փրկել մեր երկիրը:

Փաշինյան Նիկոլ-Հակոբյան Աննա զույգը ծրագրել են` պատերազմից 5 պակաս արշավ սկսել Հայկական բանակի դեմ: Ու նորից գործի են  դրել իրենց  էժանագին հնարքները: Անհեթեթ, ցինիկ  արտահայտություններ են անում, փորձում  շեղել  հասարակության  ուշադրությունը թշնամու սողացող առաջխաղացումից: Բիոզանգվածին սնում են  քպ-ականների ձեռքով բեմադրվող ներկայացումներով` քաշքշուկ, վիճաբանություն: Ու քանի որ հայտնի զույգը  չունի ոչ մի սրբություն` հնչեցնում է սանձարձակ խոսքեր, ցինիկ հայտարարություններ` դույզն-ինչ  չմտածելով, որ ասվածը կարող է լրջորեն վնասել հայ  ժողովրդի  արժանապատվությունը, վտանգել Հայաստանի անվտանգությունը:

Եթե նկատել եք,  Փաշինյանն ու իր կինը 44-օրյա պատերազմից հետո ջանք չեն խնայում սրբագրելու պատերազմի ընթացքը, շարունակում են մեղավորներ փնտրել, փորձել այդ կերպ արդարացնել արդարացում չունեցողը` սեփական դավաճանությունն ու իրականացրած պետական հանցագործությունները:

Հիշենք Փաշինյանի սկանդալային հայտարարությունը, թե  պատերազմում  պարտության  պատճառը եղել է բանակում գործող «5-րդ շարասյունը»:  20 տարի շարունակ Հայաստանում որպես «5-րդ շարասյուն» (արտաքին ուժերից կառավարվող գործակալ ) աշխատած Նիկոլը հիմա գործակալներ է փնտրում բանակում: Իսկ դա, ինչպես ասացի, բնավ  պատահական չի արվում:

Նիկոլից ոչնչով հետ չի մնում նրա կինը` տեխնոլոգիաների գիտակ, սոցցանցերում հոգեխանգարված գրառումներով հայտնի Աննա Հակոբյանը: Սույն տիկինը 2018-ին` Հայաստանում իրականացված թուրքական հեղափոխության օրերին հարթակից հայտարարում էր. «Հանուն ոչնչի են զոհվել տղաները»: Սա առաջին շոկն էր, որ ապրեց հայ ժողովուրդը, ցնցվեց տիկնոջ ցինիզմից, բայց չպատժեց նրան, հանդուրժեց, որ հետո սրբապիղծը թուրքին մատաղ անի մեր որդիներին: Ժողովուրդը հանդուրժեց ու դեռ հանդուրժում է Հայաստանը որպես «հինգհազարամյա մեռել» թաղել ցանկացողին…

Իսկ տիկին Էրատոն որոշել է հանգիստ չթողնել  հայ ժողովրդին. իրեն իրավունք է վերապահում  խրատել աղետալի պատերազմում որդի կորցրած սգավոր մայրերին, զոհերի հարզատներին, նորից ու նորից ցավեցնել նրանց հոգիներն իր կեղծավոր խոսքերով:

Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում զոհված զինվորի շիրիմի առաջ կանգնած, զոհվածների մայրերի ներկայությամբ Փաշինյանի կինը իր հերթական սադրիչ հայտարարությունն արեց, ասելով, թե նրանց  որդիները զոհվել են, քանի որ «հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել»: Մինչ մարդիկ փորձում էին հասկանալ, թե այդ ի՞նչ «փաստեր» է  շրջանառում այս կինը,  որտեղի՞ց  նրան այդ գաղտնի տեղեկատվությունը, ունե՞ր նա զինվորական գաղտնիք  հրապարակելու իրավունք,  պարզվեց, որ տեղեկության աղբյուրը ոչ ավելի, ոչ պակաս, հարևան թշնամական պետության ղեկավար Ալիևն է`  Փաշինյանի  կառուցողական գործընկերը: Հիշեցնեմ, մարտի 18-ին Բաքվի բռնապետն իր ելույթում ասել էր. «Մեր բանակում ոչ մի դասալիք չկար, իսկ հայկական բանակում եղել է 11 000 դասալիք»: Փաստորեն,  ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի տիկինը բառացիորեն կրկնում է թշնամական երկրի նախագահի` Ալիևի  խոսքերը:

Սա ամենևին սովորական իրավիճակ չէ, գործ ունենք ազգային անվտանգության հետ: Եվ հարցեր են առաջանում. նախ, եթե համարենք, որ  հայկական բանակում եղել է դասալիքների ինչ-որ  թվաքանակ,  ո՞վ է այդ տեղեկատվությունը փոխանցել Ալիևին: Նման  գաղտնի տեղակատվության տիրապետում է «գերագույն գլխավորը»` Նիկոլ  Փաշինյանը: Արդյո՞ք Ալիևին  այդ գաղտնի տեղեկատվությունը չի փոխանցել հենց Փաշինյանը: Հիշենք, որ վաղուց է գործում Փաշինյան-Ալիև  ուղիղ կապը: Մյուս կողմից, եթե ընդունենք, որ հայկական բանակի մասին Ալիևի տարածածը կեղծիք է, հորինվածք, ապա հարցը` ինչո՞ւ է Հակոբյան Աննան շրջանառության մեջ դնում թշնամու հակահայկական ապատեղեկատվությունը:

Մի բան փաստ է, որ սրանք իրենց ամենօրյա հակահայկական քայլերով ավելի ու ավելի են ծանրացնում իրենց հանցագործությունների փաթեթը` նորանոր հանցակազմերով: Բայց որպեսզի Հայաստանին ու հայ ժողովրդին աղետ բերած թիմը` Փաշինյան-Հակոբյան զույգի ղեկավարությամբ, կրի իր արժանի պատիժը, նախ պետք է, որ հայ  ժողովուրդը  մի քանի պարզ հարց տա ինքն իրեն.

– ինչպե՞ս եղավ, որ Նիկոլի իշխանության օրոք` 44-օրյա պատերազմում  ունեցանք դասալիքներ` այն էլ մի քանի հազար,

– ինչո՞ւ նախկինների օրոք` 2016-ի տեղի ունեցած ու ընդամենը 4 օր տևած ապրիլյան պատերազմում  չկային դասալիքներ,

-ինչո՞ւ նախկինների իշխանության տարիներին թուրքը մեր շեների գլխին կանգնած չէր, ինչպես այսօր է` Կապանում, Գորիսում, Տեղում, Ջերմուկում…

-ինչո՞ւ նախկինում Հայկական բանակում չկար «5-րդ շարասյուն», և ինչու օտարերկրյա շպիոնները ի հայտ եկան հե՛նց Նիկոլի օրոք,

– ինչո՞ւ է ՔՊ-ի իշխանության օրոք Հայկական բանակն այսպես թիրախավորվել,

-ինչո՞ւ են Նիկոլն ու իր կինը լծվել հայկական բանակի վարկաբեկմանը` երկրորդելով թշնամու խոսքերը,

– ինչո՞ւ մինչ 2018-ը հպարտանում էինք Հայկական բանակով, մեր զինվորի ուժով, հպարտությամբ տոնում հայկական բանակի ծննդյան օրը, իսկ նիկոլի օրոք մեր բոլոր տոները մոռացության են մատնված: Ավելին, վարչապետի պաշտոնը զբաղեցրածը  օտար երկրներից  հայտարարվում է, թե «մենք անկարող ենք պաշտպանել սեփական երկրի անվտանգությունը»,

-ինչու մինչ 2018-ը  բանակում չկային դավաճաններ, իսկ այսօր ԱԱԾ-ն «դավաճանների որս» է սկսել` ամեն շաբաթը մի նոր  «բացահայտման» մասին են խոսում, առանց հիմանավոր  փաստերի,  ապացույցների,

– ինչո՞ւ մինչև 2018-ը  հայկական բանակը  տարածաշրջանի ամենահզորն էր,  ամենամարտունակը, տարածաշրջանում պատերազմներ կանխող կարևոր գործոնը, այսօր  դարձել է այսքան թույլ, այսչափ վիրավոր,

-ինչո՞ւ նախկինների ժամանակ Ալիևը գլխիկոր է, վախվորած, իսկ այսօր  առյուծ է կտրել ու վիզը ծուռ վարչապետին իր կամքն է պարտադրում, պահանջում անգամ հայկական բանակի վերջնական կազմալուծում,

– ինչո՞ւ նախկինում Հայաստանն ուներ վստահելի ռազմավարական  գործընկեր-դաշնակիցներ, իսկ այսօր արհամարհված, անտեսված երկիր ենք դարձել:

«Ինչու»-ների շարքը կարող ենք անվերջ շարունակել…

Քանի դեռ ազգովին անկեղծորեն չենք նայել իրականության աչքերին, չենք  գիտակցել 2018-ի աղետը` իր ողջ ողբերգականությամբ, չենք  գիտակցել, որ սատանայական դմբ-դմբ-հուներով, դագաղներով, խաբեությամբ, ստով, կեղծիքով  իշխանության եկածները շարունակում են մահ սփռել հայոց երկրում, քանի դեռ չենք հասկանում, որ թուրքական ծրագրով իշխանության եկած ՔՊ-ն նոր պարտությունների է տանում Հայաստանը, քանի դեռ չմեկնաբանվող կաշկանդվածությամբ չենք խոստովանում ինչքներս մեզ, 2018-ին «մերժելով Սերժին»՝ մերժեցինք Հայկական բանակը, հայ զինվորին, հայկական Արցախը, մերժեցինք մեր երկրի  անվտանգությունը` ողբերգությունները շարունակական են լինելու, իսկ աղետի դեմ պայքարը`  անհնարին:

Հ.Գ. Սրանք դեռ մնում են անպատիժ, մենք նորից լռում ենք ու  հանդուրժում չարիքին… ես դադարում եմ հասկանալ իմ ժողովրդին: 

 Արմինե Սիմոնյան