Աջափնյակի մետրոյի նոր կայարանի շինարարությունը լինելու է Թումոյի մայթին․ Կառավարությունը 1,1 մլրդ դրամ հատկացրեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում 1,1 մլրդ դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը՝ Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար։
«Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, արդեն առաջին փուլը իրականացվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,- ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1,848 մլրդ դրամ է. «Այսօր առաջարկում ենք, որ կառավարությունը հատկացնի 1,1 մլրդ դրամը, տարբերությունը հետագայում քաղաքապետարանը կլրացնի»,- ասաց նախարարը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ քաղաքապետարանն արդեն «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ առաջին փուլն անցել է, և շինարարությունը տևելու է 2 տարի. «Նախնական հաշվարկներով՝ Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, այսինքն երկու տարում կարողանալու ենք կառուցել: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է 1,5 կմ, կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրո-կամուրջ, որն երկու տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով, և նոր մոդելով՝ մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ: Այս պահին դեռևս վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին: Բայց որ դիտարժան ու գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,-ասաց Ավինյանը՝ նշելով, որ նախնական տարբերակից որոշակի փոփոխություններ են եղել. «Նախկինում նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են արվել, այնտեղ շենք է կառուցվել: Մենք 120-140 մետր տեղափոխելով կայարանը դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, կարողանում ենք մի քանի խնդիր լուծել: Նախ, շինարարությունն ավելի ցածր արժեք է ունենալու մոտ 15 տոկոսի չափով: Շինարարության ժամկետները մոտ 6 ամիս կրճատվելու են: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, Թումոյի մայթին: Վերևից ենք փորելու, ոչ թե տակից փորելով ենք գնալու, դա առավելություն է տալիս: Երկրորդ փուլն ավարտվելուն պես կունենանք նախագիծ, որը կուղարկենք փորձաքննության, տարեվերջին կունենանք վերջնական նախագիծը: Արդեն իսկ ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցերը»,-ասաց Ավինյանը:

