Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ․ այսօրվա դատական նիստը չի կայանա
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին փաստաբանական թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
Նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Հաջորդ դատական նիստի նշանակման օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։
Ավելի վաղ պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնել էր, որ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկարացրել դատարան։
«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:
Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան»,- գրել է նա։

