«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը փակել է Սիրիայի հյուսիսում գտնվող հիվանդանոցը

Թուրքիայի բանակի՝ հերթական անգամ Սիրիայի տարածք ներխուժելու պատճառով «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպությունը փակել է Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում՝ Թել-Աբյադ քաղաքում գտնվող իր հիվանդանոցը։ Այս մասին նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Պատճառը, ըստ հաղորդագրության, թուրքական բանակի ներխուժումն է Սիրիա, որից հետո հիվանդանոցի անձնակազմի անդամները ընտանիքների հետ հեռացել են այդ տարածքից։ Այդ հիվանդանոցը, ինչպես նշվում է ռուսական մամուլում, միակն էր ոչ միայն Թել-Աբյադ քաղաքում, այլև հարևան շրջաններում։

Իսկ թուրքական բանակը, հիշեցնենք, արդեն երկու օր է՝ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում՝ այդ տարածքը իր վերահսկողության տակ վերցնելու համար։ Պատճառը, ինչպես կրկնում են թուրքական իշխանությունները, իրենց սահմանների անվտանգությունն ապահովելն ու ահաբեկիչներից տարածքը ազատելու միջոցով այնտեղ փախստականների տեղավորելն է։

Իրական դրդապատճառը, սակայն, կարող է լինել Սիրիայի հյուսիսային շրջանների գրավումն ու հետագա յուրացումը։