Թուրք զինվորները մինչև հիմա էլ արյան ծարավ են. երգչուհի Շերն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությանը

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանն արձագանքել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան):

«Ներեցեք, բայց ես 11 տարեկանից լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, որոնք տանջել և սպանել են մոտ 2 միլիոն հայերի: Թուրք զինվորները մինչև հիմա էլ արյան ծարավ են: Հիմա էլ նրանք քրդերի ցեղասպանություն կիրականացնեն Թրամփի օրհնությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է աշխարհահռչակ երգչուհին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, և արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը իբրև տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: