ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի` առաջիկայում կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի  կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հույս ունի, որ առաջիկայում տեղի կունենա իր նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Այցի կազմակերպման վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Հուսով ենք, որ առաքելությունը առաջիկայում կայցելի տարածաշրջան»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի մշակութային և պատմական ժառանգությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։