«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը երկու ամսով կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում դատարանը որոշեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին երկու ամսով կալանավորել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը։ Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով` որոշելով բավարարել քննիչի միջնորդությունը՝ պարոն Թավադյանին 2 ամսով կալանավորել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իրենք բողոքարկելու են որոշումը և դրա վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ։

«Հիմա պարոն Թավադյանին տեղափոխելու են ձերբակալվածների պահման վայր, այնուհետ՝ կալանավայր, դեռ պարզ չի որտեղ»,- ասաց նա։