Ինչո՞ւ ենք պարտվում հաղթանակներից հետո․ «Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»․ Ն․Փ․

Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում «Ֆեյսբուքն» և համացանցն առհասարակ դարձել են տեղեկատվության տարածման, գեներացման, կարծիքի և վերլուծության ներկայացման ամենագործուն հարթակները, որտեղ վերջին շրջանում շատ ենք հանդիպում հետևյալ վերտառությամբ գրառումներ, ուղիղ եթերներ, տեսակետներ՝ «Փաշինյանը հանձնում է Հայրենիք», «Նիկոլը հանձել է Արցախը, հիմա էլ Հայաստանն է տալիս», և այլն, և այլն…

Այո, Նիկոլ Փաշինյանն այսօր առանց վարանելու խոսում է այնպիսի երևույթների և իրականության հետ աղերս չունեցող փաստերի մասին, որոնք բխում են բացառապես ադրբեջանի շահերից։

Զարմանո՞ւմ եք, իզուր…

Բավական է պարզապես ծանոթ լինել Փաշինյանի կենսագրության և հանրային գործունեության որոշ մանրամասների, մասնավորապես՝ նրա հոդվածներից և «Երկրի հակառակ կողմը» հայտնի գրքից, շատ հարցերի պատասխաններ ակնհայտ կդառնա։ Ինչպես միշտ՝ խոսենք փաստերով․

«- Մանուկ հասակում երազում էի աշխարհագրության դասատու դառնալ: Չես պատկերացնի, Ֆրեդ, ինչպես էի երազում: Ապրում էի այդ մտքով, հաշվում էի օրերը, թե երբ պիտի ավարտեմ դպրոցը, որ իրագործեմ երազանքս: Որոշումը կայացված էր, և ոչ մի ուժ չէր կարող ինձ ստիպել փոխել այն: Անգամ մայրս, որ կարծում էր, թե լրագրող պետք է դառնամ: Ծիծաղում էի նրա վրա, ձեռքից բռնած` քաշում էի հեռուստացույցի առաջ և, սովետական եթերի «աստղերից» մեկին ցույց տալով, ասում. «Մայրիկ, դու ուզում ես, որ ես այսպիսի տխմարի մե՞կը դառնամ»: Մայրս անդրդվելի էր, տարիքիս հետ այս թեման ավելի էր լրջացնում: Իսկ ես այդ խոսակցության մեջ մտնում էի միայն նրա հոգու հետ խաղալու համար: Հասկանո՞ւմ ես, որոշումը կայացված էր, որոշումն անբեկանելի էր. ես կդառնամ աշխարհագրության դասատու…» («Երկրի հակառակ կողմը» էջ 53-54):

Փաստորեն, Փաշինյանը ի վերջո մասամբ ի կատար ածեց իր մանկության երազանքը․  այսօր նա զբաղված է ակտիվ քարտեզագրությամբ և նոր աշխարհագրություն է հորինում (Մայիսի 24-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «վերահաստատելով Բրյուսելում հաստատված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ը, հուսով եմ՝ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.8 հազար ք/կմ-ն», ապա ընդգծեց․ «Այստեղ մենք պետք է վերցնենք Խորհրդային Միության քարտեզները, և մեր դիրքորշումն այն է, որ դրա համար հիմք պետք է ծառայեն 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները։ Սա կամաց-կամաց ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև միջազգային գործընկերներ էլ են սկսում այդ խոսույթը որդեգրել և օգտագործել, ինչը ես համարում եմ շատ կարևոր»)։ Տեսանյութը՝ այստեղ։

Կանգ չառնենք արդեն հայտնի փաստերի վրա և գնանք առաջ․

«Այստեղ դադար առա` գրապպայի հերթական բաժակը խմելու համար.

– Հետո, Ֆրեդ, տեղի ունեցավ անկանխատեսելին, տեղի ունեցավ ողբերգականը, տեղի ունեցավ այն, ինչ անիմաստ է դարձնում ամեն ինչ. մայրս մահացավ, Ֆրեդ, գլխուղեղի քաղցկեղից: Վերջին անգամ նրան տեսա մահվանից երկու օր առաջ. նա ինձ միայն երկու բառ ասաց, որ ես չեմ կարող քեզ համար թարգմանել: Դա չի թարգմանվում, դա միայն իմ հայրենիքում են մարդիկ իրար ասում: Վերջին վեց ամիսներին մայրս ու ես իմ մասնագիտության հարցը չէինք քննարկել, բնականաբար` վերջին հանդիպմանն էլ այդ մասին խոսք չեղավ: Ավելորդ է ասել, թե նրա մահը ինչպիսի հարված էր ինձ համար, երկար ժամանակ ուշքի չէի գալիս և հարուցում հարազատներիս մտահոգությունը: Իսկ հիմա, կռահի՛ր, Ֆրեդ, թե ի՞նչ մասնագիտության տեր եմ ես:

Ֆրեդն ինձ էր նայում.

– Այո, ախպերս, լրագրող եմ: Բայց զարմանալին այն է, որ սիրում եմ իմ այդ տխմար մասնագիտությունը, ինձ չեմ պատկերացնում առանց դրա»։ (էջ 53-54):

«– Երբեմն ինձ թվում է, Ֆրեդ, ուրախ եմ, որ մայրս մահացել է…

– Իմ այդ միտքն ինձ էլ է սարսափեցնում, բայց կյանքը և մահը շատ սերտ են կապված: Մայրս ինձ լույս աշխարհ բերեց ոչ թե իմ ծննդյան, այլ իր մահվան օրը: Նա մահացավ, որ ես ապրեմ, ու ես ապրում եմ հանուն նրա հիշատակի…

Ֆրեդն ակնհայտորեն հուզված էր, կարծես ուզում էր հասկանալ իր հետ տեղի ունեցածի իմաստը: Բայց գուցե դրա համար երկար ժամանակ է պետք, գուցե, իրոք, ոչ մի իմաստ էլ չկա, գուցե, իրոք, ամեն ինչ անիմաստ է»։  (էջ 54-55):

«Մինչ այդ ասեմ, որ ոչ թե վստահ եմ, այլ կասկածում եմ՝ մտածում եմ, որ ամեն մահ ունի իր բացառիկ իմաստը, մատնահետքի նման բացառիկ և չկրկնվող իմաստը»։ (էջ 53):

Բնավ չեմ պատրաստում հոգեվերլուծությամբ զբաղվել, քանզի չունեմ մասնագիտական գիտելիքներ և որակավորում, բայց նույնիսկ տարրական հոգեբանական գիտելիքներով իսկ ակնհայտ է դառնում, որ այս տողերի հեղինակը ունի որոշակի հոգեբանական խնդիրներ, բարդույթներ և վախեր։ Ստացվում է, որ ուրիշի մահը, տառապանքը նրա համար շարժիչ ուժ է․

«- Տառապի՛ր, Ֆրե՛դ, տառապի՛ր, դա վեհացնում է մարդուն, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ անիմաստության զգացումը համակի քեզ,- ասում էի ես նրան ու իմ սեփական պատմությունները պատմում»։ (էջ 63):

Մեղավորության զգացումը նա փնտրում է ամենուր, որպեսզի արդարացնի իրեն, իր քայլերը, իր խոսքերը․

«- Մեղավոր զգա՞լ, թե՞ մեղավոր լինել,- փորձեց ճշգրտել Ֆրեդը:

– Մի՞թե հնարավոր է մեկն առանց մյուսի,- Վիկտորի փոխարեն պատասխանեցի ես ու շարունակեցի,- հնարավոր չէ մեղավոր չլինել:

– Բայց հնարավոր է մեղավոր չզգալ,- նկատեց Ֆրեդը:

– Դու արդեն խոսում ես անմեղսունակի մասին. միայն անմեղսունակը կարող է իրեն մեղավոր չզգալ: Բայց անմեղսունակը, իսկապես, նաև մեղավոր էլ չէ, որովհետև նա ի վիճակի չէ իրեն մեղավոր զգալ,- պարզաբանեցի ես» (էջ 136):

Ակնհայտ է, որ նա անդադար փնտրում է պատճառներ իրեն մեղավոր զգալու համար, մի փոքր տառապի և հետո արդարացնի իրեն և դրանով իմաստավորի իր կյանքը: Գուցե հենց դա է պատճառը, որ ինչպես ընդդիմադիր Փաշինյանը, այնպես էլ վարչապետ Փաշինյանը իր ողջ քաղաքական կարիերան կերտել է ուրիշներին մեղադրելու հենքի վրա։ 2018-ից սկսած մեղավոր են նախկինները, ռուսները, ժողովուրդը, Աստված, կովերը (ի դեպ կովերի մասին հիշատակումներն առկա են նաև իր հայտնի գրքում), մեղավոր են որդեկորույս, հերոսածին ծնողները և, այո, մեղավոր է այն փամփուշտը, որը դավադրաբար շրջանցեց Աշոտիկին և չդարձրեց Աննային հերոսածին մայր․

«- Բայց ես հանճարեղ ձևակերպեցի. երբ մարդ նայում է որևէ ուրիշ երեխայի, դա սովորական ուրախ զգացողություն է: Երբ սեփական երեխայիդ ես նայում, անկախ նրանից` ուրախ ես, թե տխուր, սիրտդ պարտադիր ճմլվում է, դու քեզ մի տեսակ մեղավոր ես զգում…

– Ինչի՞ համար,- հարցրեց Ֆրեդը:

– Ամեն ինչի, հենց թեկուզ նրա համար, որ չես կարողանում նրան սիրել այնքան, որքան սիրում ես. սա է հայրական զգացումը` մեղքի զգացում և այդ մեղքը քավելու հուսահատ ջանքեր. սա էլ քեզ հայրական սեր: Ու երբեմն այդ սերը վատ է վերջանում» (էջ 136):

«Ասենք, ի՞նչ է նշանակում որդի լինել. նշանակում է մեղավոր զգալ ծնողներիդ առաջ, եղբայր` մեղավոր զգալ եղբորդ կամ քրոջդ առաջ, ամուսին` մեղավոր զգալ կնոջդ առաջ: Եվ ի վերջո, ի՞նչ է նշանակում լինել մարդ. մեղավոր լինել Աստծո առաջ: Կյանքն էլ այդ մեղավորության զգացումը հաղթահարելու, ապաշխարելու հուսահատ փորձ է. և մարդիկ իրենց առաջին մեղքը քավելու մղումով երբեմն ավելի մեծ մեղքեր են ստիպված լինում գործել,- ընդհանրացրի ես:

Վիկտորը ակնհայտորեն համաձայնվեց ինձ հետ.

– Այո, մեղավորության զգացումից զերծ են միայն կովերը, – ասաց նա» (էջ 137):

Դատելով վերոշարադրյալից և վերլուծելով այսօրվա հայակործան իրականությունը՝ ակամայից հասկանում ես, թե ինչ տեղի ունեցավ 2018-ին, որի մասին ArmNews հեռուստաընկերության եթերում կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․

«Ես չեմ պարտվել սրանց. ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի: Դուք ուզում եք, որ ես կոնկրետ ուժե՞ր նշեմ: Ասեմ, որ այդպիսի ուժեր բոլոր տեղերում էլ կային` և Արևմուտքում, և Հյուսիսում: Բայց դրանք պետությունների մոտեցումները չէին»։  https://www.youtube.com/watch?v=5us0HKN7f-U

Նախագահը հստակ ակնարկում է այնպիսի ուժերի գոյության մասին, ովքեր կարողացան Հայաստանում իրականացնել գունավոր հեղափոխություն՝ հետագայում դատապարտելով Հայաստանը կորուստների և ստորացման։ Իսկ ի՞նչ էր պետք նրանց դրա համար, իհարկե, մարդկային այս տեսակը, որը չունի արժեհամակարգ, հետևաբար հանգիստ մանիպուլացնում է և ստում, բարդույթավոր է, չունի հայրենիք, մեղավորներ և արդարացումներ է փնտրում, զոհեր և արյուն է տենչում ․․․մի խոսքով պետք էր այնպիսի թագավոր, որը Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյանի ձևակերպմամբ՝ մեղկ է ․․․

Հիմա անհամեմատ հեշտ է դատողություններ անել, թե ինչու և ինչպես էր ձևավորվում 2018-ի օրակարգը, ինչու էր Սերժ Սարգսյանը սատանայից ավելի մեղսավոր հայ ժողովրդի գոյության համար, ինչու էին փողոցներում պարում դագաղները, ինչու էին հնչում «շաբլոն» կարգախոսներ, հուսահատ ֆիգուրներ և, իհարկե, սիրահարվող և համբուրվող զույգեր ․․․ որովհետև պետք էին մեղավորներ, սեփական քայլերն արդարացնելու համար։
Սերժ Սարգսյանը գիտակցելով պահի լրջությունը, լինելով խոհեմ և փորձառու քաղաքական գործիչ, ի վերջո հետ քայլ արեց՝ թույլ չտալով, որ արյուն փնտրողը ստանա այդ արյունը և արդարացնի իրեն․

«Այո, ակնհայտ էր, որ հանցագործություն կար, կարծում էինք, որ դա խայծ է, միգուցե, որպեսզի նա ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, դրա հիման վրա շարժումն էսպես թափ հավաքի։ Ցանկացած պահի կարելի էր ուժ կիրառելու միջոցով խնդիրը լուծել, բայց եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, ապա, կարծում եմ, հետևանքները շատ ծանր կլինեին։ Հիշեք, թե ցուցարարների շարքում ինչքան երեխաներ կային, կանայք կային», – այսպես էր արձագանքել նա՝ ի պատասխան Մհեր Մկրտչյանի այն հարցադրմանը, թե ինչու ուժ չկիրառեցին Ռադիոտունը գրավելուց հետո։

Ինչ կլիներ հակառակ պարագայում, երբ ամեն ինչ ընթանար պատվիրատուների ուրվագծած սցենարով, դժվար չէ պատկերացնել․ ունենալու էինք անկարգությունների շղթա, մարտիմեկյան զոհերի կրկնություն (սցենարները, կարծես, նման են, բայց դա ուրիշ թեմա է), և իհարկե, սահմանային էսկալացիա, պատերազմ, զոհեր ․․․

Ինչ արեց Փաշինյան Նիկոլը, երբ սցենարը մի փոքր շեղվեց նախնական տարբերակից

Գեներացրեց նոր մտքեր և գաղափարներ՝ տապալելով բանակցային գործընթացը՝ ես «սկսում եմ իմ սեփական կետից», «ինչ ուզում՝ այն էլ բանակցում ենք», «Արցախը Հայաստան է, և վերջ»․․․։

Այն նույն Փաշինյանը, որը տարիներ առաջ իր իսկ գրքում, կարծես սրտնեղում էր հաղթածի բանակում իրեն զգալուց և այդ զգացողությունը անվանում էր «բոզանալ», Հայաստանն ու Արցախը տարավ պարտության և շարունակում է տանել․

«Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետևում: Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի» («Երկրի հակառակ կողմը» էջ 338):

Այսօր մենք զարմանում ենք, թե ինչպես կարող են պատերազմում անձնվիրաբար իրենց կյանքը զոհաբերած ծնողի հանդեպ նման կերպ վարվել՝ Եռաբլուրի պատկերը վերհիշելով,  ինչպես կարելի է հերոսածին մորը բանտարկել, բայց ամեն բան կրկին տրամաբանական է․ («Կյանքն էլ այդ մեղավորության զգացումը հաղթահարելու, ապաշխարելու հուսահատ փորձ է. և մարդիկ իրենց առաջին մեղքը քավելու մղումով երբեմն ավելի մեծ մեղքեր են ստիպված լինում գործել» (էջ 137)):

Նա նույնիսկ չվարանեց ապաշխարելու հուսահատ փորձի համար զոհաբերել սեփական որդուն, ինչպես և ասվում է գրքում․ «սա էլ քեզ հայրական սեր: Ու երբեմն այդ սերը վատ է վերջանում» (էջ 136)։

  • Բայց, որդիս, ես վախենում եմ քե՛զ կորցնել ․․․
  • Սուտ է, դու վախենում ես կորցնել քո ծառայողական մեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը։ Մի՞թե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ։ Մի՞թե դու ոչինչ չես հասկացել մահճակալիդ մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից։ Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին և այդպիսով, միայն այդպիսով փրկեց նրան։
  • Քեզ դնել զոհասեղանի՞ն։ Բայց մի՞թե ես դա չեմ անի ընդամենը հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության։
  • Հայրիկ, դու ստահա՞կ ես ․․․
  • Ես ․․․ որդի՜ս, ես ․․․ Խոստանում եմ, խոստանում եմ ստահակ չլինել, որդիս։ Խոստանում եմ վախկոտ չլինել, որդիս, ես խոստանում եմ քեզ դնել զոհասեղանին։ Ների՛ր ինձ, որդի՛ս» (էջ 13)։

Ահա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության հոգեկերտվածքը, ով, այնուամենայնիվ, միշտ էլ մանևրելու տեղ է թողնում՝ հերքում է իրեն կամ արդարացնում․

«Կարո՞ղ էի ինչ-որ բան անել, կարո՞ղ եմ ինչ-որ բան անել: Այո՛, կարող եմ ինձանից կախված ամեն ինչ անել հանուն այնպիսի Հայաստանի ստեղծման, որ սիրում է իր զավակներին, որ չի սպանում իր զավակներին: Եթե հարկավոր է, կարող եմ զոհվել հանուն այդ Հայաստանի: Իսկ ինչո՞ւ չզոհվեցի: Օ՜, դա արդեն ես չեմ որոշում, դա արդեն որոշում է ճակատագիրը: Ես չեմ փախչի իմ ճակատագրից, հավատարիմ կմնամ իմ ճակատագրին» (էջ 113):

Այնպես որ, սիրելի ընթեցող, պետք չէ զարմանալ, պատասխաններ փնտրել և ամեն անգամ համոզվել։ Հարկավոր է սթափ նայել իրականությանը և հստակ որոշում կայացնել՝ պատրաստ ենք այսքանից հետո հանդուրժել մեկին, ով հանձնեց Արցախը, հանձնեց հայորդիներին Եռաբլուր, հանձնում է Հայաստանը և Հայոց պատմությունը, ով հաղթանակած բանակում հայտնվելը բոզություն է անվանում և հպարտանում մեր, իսկ իրականում՝ իր պարտությունով

«Ես հպարտ եմ նրանով, այո, մենք պարտվել ենք և էս պարտության պատասխանատվությունը մերն ա»

 https://youtu.be/qFdekd6uCK8

Շարունակելի

Ժաննա Ծառուկյան