Երբ թագավորը մեղկ է…

«Որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն` ես եմ Քրիստոսը և շատերին կմոլորեցնեն»: Մատթ. 24.5:

Երբ մեկի լապտերի մեջ ձեթ չկա և գիտակցության մեջ իմաստություն, մտքի և ճանապարհի խավարում խարխափելը կործանարար է բոլոր նրանց համար, ովքեր նրանով են առաջնորդվում: Նմանների համար սրբություններ չկան, ոչ վերին՝ Աստվածային, և ոչ էլ աշխարհիկ, որ հայրենիք ենք կոչում:

Ամեն վատի, օտարամուտի, սրբապղծության, այլասերման և օրինազանցության հետ հաշտվելով՝ հաշտվում ենք կորուստների հետ:

Ամեն մի հերթական ազգային արժեքի, եզերքի, սրբավայրի, հարազատի հոգևոր ու ֆիզիկական կորստի հետ հաշտվելով՝ հաշտվում ենք ինքնակործանման հետ:

Այդ երևույթը մեկ բնորոշում ունի՝ ուրացում: Ուրացում՝ Աստծուց, հայրենիքից, ինքնությունից՝ խավարամտության ու ցոփությունների մոլորումների մեջ:

Նման մոլորությունների դասերը շատ են համաշխարհային պատմության մեջ՝ բոլոր անհետացած ազգերի և ժողովուրդների կյանքում:

Ետին թվով միայն արձանագրվում է՝ թագավորը մեղկ էր:

Իսկ թե ինչ է նշանակում ՄԵՂԿ, կա բոլոր բացատրական բառարաններում, անգամ՝ անհետացած ժողովուրդների…

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյան

Մեղկ՝ 1. Թույլ, թուլամորթ, թուլակամ, անկամ, կամազուրկ, անկորով, անջիղ, անարի. թուլակազմ, հեղգ, հույլ, կնատ, կնաբարո, մեղկասեր, մեղկոտ. պղերգ, սիր (հզվդ.): Կակուղ: Լույծ: 2. Իգասեր, իգամոլ, հեշտասեր, հեշտամոլ, փափկասեր, ցոփ, ցանկասեր, ցանկամոլ, խենեշ, կեխ: