Կարմիր շուկայում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները. բնականոն է գործում դպրոցը

Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակչությունը շարունակում է իր բնականոն կենսագործունեությունը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Նարեկ Աթայանը:

«Սեպտեմբերի 12-ին գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերի հետևանքով բնակելի տներ են վնասվել: Թշնամու գնդակը խոցել է տներից մեկի պատշգամբի դուռը և թափանցել սենյակ։ Մյուս դեպքում՝ խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը»,-ասել է Ն. Աթայանը՝ հավելելով, որ չնայած այդ սադրանքին, Կարմիր շուկայի բնակչությունը շարունակում է զբաղվել առօրյա աշխատանքներով՝ անասնապահությամբ և հողագործությամբ, անհատական տնտեսություններով:

«Հացահատիկայինների բերքահավաքն ավարտել ենք, իսկ այժմ մեկնարկում է աշնանային հերկի փուլը: Բացի այդ գյուղացիները զարգացնում են իրենց անհատական տնտեսությունները, մշակելով տնամերձ հողամասերն ու այգիները: Գյուղի շուրջ 150 հա վարելահող պատերազմի հետևանքով հայտնվել է չեզոք գոտում, բայց անվտանգության խնդրի լուծման պարագայում պատրաստ ենք մշակել»,-ասել է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով անասնաբուծության ճյուղին, համայնքապետը մանրամասնեց, որ Կարմիր շուկայում մեծամասամբ խոզաբուծությամբ են զբաղվում, բայց կան նաև բավականաչափ թվով ոչխարներ և խոշոր եղջերավոր անասուններ պահողներ:

Կարմիր շուկայի դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանը նշել է, որ գյուղի կրթօջախում դասերը բնականոն են ընթանում. բացականեր չկան: «Դպրոցի շենքը թշնամական վերջին կրակահերթերի հետևանքով չի վնասվել: Բոլոր ուսուցիչներն ու աշակերտները կանոնավոր գալիս են դպրոց»,- ասել է Զ. Բադասյանը: