Զելենսկին մեղադրել է ԵՄ-ին՝ Ուկրաինայի ֆինանսական օգնությունն արհեստականորեն ձգձգելու մեջ
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԵՄ-ն արհեստականորեն ձգձգում է Ուկրաինային ութ միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրումը։
«Ամեն օր և տարբեր միջոցներով հիշեցնում եմ ԵՄ որոշ առաջնորդների, որ ուկրաինացի թոշակառուները, մեր միգրանտները, մեր ուսուցիչները և մեր մյուս մարդիկ, ովքեր կախված են բյուջեի վճարումներից, չեն կարող նրանց անվճռականության կամ բյուրոկրատիայի պատանդը լինել: Ուկրաինայի համար ութ միլիարդ եվրոն դեռ հապաղում է: Իսկ մակրոֆինանսական օգնության նման արհեստական ձգձգումը մեր պետության համար կա՛մ հանցագործություն է, կա՛մ՝ սխալմունք։ Եվ դժվար է ասել, թե որն է ավելի վատ»,- ասել է Զելենսկին Թելեգրամի իր ալիքում հրապարակած տեսաուղերձում:
Միաժամանակ նա ասել է, որ «չի ուզում» հստակեցնել, թե եվրոպական որ երկիրն է ձգձգում Ուկրաինային օգնության տրամադրումը։
«Մենք կարծում ենք, որ դա ամեն դեպքում սխալմունք է, և այն կուղղվի», – հավելել է Զելենսկին։