Այս իշխանության օրոք կունենանք կամ խեղված խաղաղություն, կամ պարտադրված պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյան

Եթե իրավիճակը չփոխվի, ապա սեպտեմբերի 2-ին մենք կունենանք տարածքների հերթական հանձնում և զոհեր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ եթե կառավարության նիստերի ժամանակ շարունակվի դեպի Բաքու ազդակների ուղարկումը, ապա Հայաստանի ինքնիշխանությունը կվտանգվի, իսկ տարածքային ամբողջականությունը կխաթարվի:

«Այս իշխանության օրոք կամ կունենանք խեղված խաղաղություն, կամ պարտադրված պատերազմ: Փաշինյանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, օրինաչափ է․ հայրենիքի հանձնում, 4000 զոհեր․․․: Օրինաչափ չէ, որ մենք տասնամյակներով պայքարում ենք ժողովրդավարական Հայաստանի համար, քաղբանտարկյալների ինստիտուտի դեմ, կուսակցականացված կրթական համակարգի դեմ, բայց նոր իշխանությունների օրոք այդ ինստիտուտները խորացվում են և ընդարձակվում: Քստմնելի է, որ Հայաստանից օտարվում են Սփյուռքի մեր հայրենակիցները, և մարդիկ բանտարկվում են իրենց քաղաքական հայացքների համար»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ պատճառով է իր մուտքն արգելվել Արցախ, որտեղ ինքը պատրաստվում էր մասնակցել թոռան մկրտությանը։

«Կարևոր չէ՝ այդ որոշումը գալիս է Բաքվում նստած հանցագործից, թե Երևանում թաքնված նախկին գերագույն գլխավոր հրամանատարից, որը թիրախավորել է ընտանեկան մկրտության արարողությունը: Ես թաքնվելու խնդիր չունեմ և սեպտեմբերի մեկին ակնկալում եմ, որ Աղավնոն, Լաչինի միջանցքը իրենց տեղերում կլինեն, և ես կկարողանամ մեկնել Արցախ»,- ասաց նա: