Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն այսօր ազատ արձավեց։ Նա դուրս եկավ «Դատապարտյալների հիվանդանոցից», ընկերներն ու հարազատները ծափերով և գրկախառնություններով դիմավորեցին Փարամազյանին, ով կալանավորված էր այս տարվա հուլիսի 10-ից։
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Փարամազյանին 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել։
Լրագրողների հետ զրույցում Մանվել Փարամազյանը շնորհակալություն հայտնեց իրեն սատարող մարդկանց և բոլոր քաջարանցիներին, իր փաստաբաններին։
«Քանի որ ես վեց ամիս մեկուսացված վիճակում եմ և կտրված ամեն ինչից, չեմ կարող գործընթացների վերաբերյալ հարցերին պատասխանել։ Մոտակա ժամանակներում մենք անպայման կհանդիպենք, և ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- նշեց նա։
Մանվել Փարամազյանի խոսքով, առողջական խնդիրներ ունի, մի քանի ամիս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»։
«Շնորհակալ եմ աշխատողներին հոգատար վերաբերմունքի համար, բայց առողջական լուրջ խնդիրներ ունեմ։ Կարծում եմ, որ երկարատև բուժում է պետք»,- ասաց Մանվել Փարամազյանը։
Քաջարանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: