ՀԱԷԿ-ը սերտիֆիկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան որակի և շրջակա միջավայրի կառավարման համար
Դեկտեմբերի 10-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին հանձնեց ԻՍՕ 9001:2015 (ՀՍՏ ԻՍՕ 9001-2016) «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» և ԻՍՕ 14001:2015 «Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտների համապատասխանության հավաստման սերտիֆիկատները:
Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստման գործընթացը ներառում էր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ աուդիտորական խմբի կողմից «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման հայտերի հիման վրա ներկայացված փաստաթղթերի, գրառումների և տվյալների վերլուծությունը, տեղում աուդիտների անցկացումը, որոնց արդյունքներով ընդունվել են սերտիֆիկացման վերաբերյալ որոշումներ:
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանն իրենց մտքերը փոխանակեցին ՀՀ-ում Էներգետիկայի ոլորտում միջազգային ստանդարտների պահանջների ներդրման կարևորության մասին:
Կողմերը նաև նշեցին, որ սերտիֆիկատների ստացումը հաստատում է «ՀԱԷԿ» ՓԲԸ ներդրված կառավարման ինտեգրված համակարգի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին և շնորհակալություն հայտնեցին աուդիտորներին կատարած աշխատանքի համար:
Սերտիֆիկացման գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշմամբ հաստատված ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին համատասխան: